27  06  2019

ՍԴ անդամը բազմիցս հայտարարել է, որ իր վրա ճնշում չի գործադրվել. Արմեն Գևորգյանի փաստաբան

ՍԴ անդամը բազմիցս հայտարարել է, որ իր վրա ճնշում չի գործադրվել. Արմեն Գևորգյանի փաստաբան

«Փաստինֆո»-ն զրուցել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ։ Այն ներկայացնում ենք ստորև.

- Պարո՛ն Ալեքսանյան, այսօր մամուլում տեղեկություն կար, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում եղել են դատարանների վրա ճնշումներ գործադրելու դեպքերր։ Մասնավորապես նշվում էր Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի վրա ճնշում գործադրելու դեպքը 2008 թվականին, որը նկարագրված է Wikileaks-ի հրապարակումներից մեկում։ Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այդ տեղեկությունը։ Այդ մասով նախաքննության սկզբում նաեւ Արմեն Գևորգյանին էր մեղադրանք առաջադրվել։

- Մենք տեղյակ ենք fip.am կայքում այդ հրապարակման մասին։ Տարօրինակ է, որ այդ հրապարակման հեղինակները մոռացել կամ դիտավորյալ կերպով ուշադրություն չեն դարձրել երկու կարևոր հանգամանքի վրա։ Առաջին՝ Վալերի Պողոսյանն ինքը բազմիցս և հրապարակայնորեն հայտարարել է այն մասին, որ իր վրա ճնշում չի գործադրվել։ Այդ մասին նա պնդել է նաև նախաքննության ընթացքում տրված իր ցուցմունքներում։ Եվ երկրորդ, բոլոր երեք դատական ատյանները հաստատել են իմ պաշտպանյալի կողմից ՍԴ անդամի վրա ճնշում գործադրելու փաստի առնչությամբ հիմնավոր կասկածի բացակայությունը։

- Քանի որ կրկին անգամ հղում է արվում Wikileaks-ի գաղտնագրերի վրա, կցանկանայինք իմանալ, արդյո՞ք որևէ նոր բան պարզել եք նախաքննական մարմինների կողմից այդ հրապարակումների օգտագործման իրավաչափության վերաբերյալ։

-Արմեն Գևորգյանն ինքը վերջերս մեկնաբանել է նախաքննական մարմինների կողմից Wikileaks-ի հրապարակումների հիման վրա իրեն մեղադրանք առաջադրելու վերաբերյալ իրավիճակը։ Որևէ նոր բան, քան այն, որ հիշյալ հարցազրույցից հետո մենք պաշտոնապես դիմել ենք ԱՄՆ դեսպանությանը մեկնաբանություններ ու հնարավոր պարզաբանումներ ստանալու հարցով, դեռ տեղի չի ունեցել։ Մենք դիմել ենք հունիսի 5-ին, բայց մինչ այս պահը դեռ մեր նամակի պատասխանը չենք ստացել։

- Այսօր ԶԼՄ-ների մի հրապարակման մեջ խոսվում էր 2008-ի դեպքերի ընթացքում Բաղրամյան 26-ում գոյություն ունեցած ինչ-որ գաղտնի շտաբի մասին և նշվում էր, որ Ձեր պաշտպանյալը հերքել է այդ տեղեկությունը։ Այդ հրապարակման մեջ ներկայացված էր նաև Սեդա Սաֆարյանի մեկնաբանությունը այդ հարցի առնչությամբ, ով պնդել էր այդ գաղտնի շտաբի գոյության մասին։ Ձեր մեկնաբանությունը, խնդրում եմ։

-Չեմ ուզում և չեմ մեկնաբանելու Սեդա Սաֆարյանի պնդումները։ Կարող եմ ասել միայն, որ դատարան ներկայացված նախաքննության նյութերում չկան տվյալներ 2008թ մարտյան իրադարձությունների ժամանակ Բաղրամյան 26-ում որևէ գաղտնի շտաբի գոյության մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ