13 06 2019

Վահե Գրիգորյանի թեկնածությունը պետք է բացառվեր հայտնի ձայնագրությունների պատճառով․ Իրավաբան. Aysor.am

Վահե Գրիգորյանի թեկնածությունը պետք է բացառվեր հայտնի ձայնագրությունների պատճառով․ Իրավաբան. Aysor.am

Aysor.am-ը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրման հարցի շուրջ զրուցել է իրավաբան Գոհար Մելոյանի հետ։

- Տիկին Մելոյան, կան արդյոք իրավական առումով հակասություններ ՀՀ նախագահի կողմից Վահե Գրիգորյանին 2-րդ անգամ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու հարցում։

- Ըստ իս՝ այստեղ կա իրավական խնդիր․ ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն, «Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու»: Միևնույն ժամանակ, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ նորմատիվ իրավական ակտի նորմը /այս դեպքում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ դրույթը/ մեկնաբանվում է՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից։ Ուստի նախկինում ներկայացված և չընտրված Սահմանդրական դատարանի դատավորի թեկնածուն չի կարող կրկին ներկայացվել։ 

- Կարծեք թե, օրենքի նմանաբնույթ մեկնաբանման հարցն արդեն իսկ քննարկվել էր Ազգային ժողովում։ Այդպե՞ս է։

- Իրավացի եք։ Ինչպես հիշում ենք, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանն առնչվող ընթացակարգային դրույթների սահմանադրականության որոշման հարցով ՀՀ նախագահը դիմել էր ՀՀ սահմանադրական դատարան: Հետագայում այդ որոշման հիման վրա Կառավարությունը Ազգային ժողով էր ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծեր:

Այստեղ ուշագրավն այն է, որ հաշվի առնելով օրենքի վերոնշյալ կարգավորումը՝ ներկայացված նախագծերով (4-րդ հոդվածի 4-րդ մաս) օրենքից հանվել էր «նոր» եզրույթը և հնարավորություն էր տրվել Հանրապետության նախագահի կողմից նույն թեկնածուին անսահմանափակ ներկայացնել որպես ՍԴ դատավորի թեկնածու։

Այս փոփոխությունը չէր վրիպել նաև ԱԺ ընդդիմադիր իրավաբան պատգամավորների աչքից, ովքեր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծերի քննարկման ընթացքում անդրադարձան այս հարցին՝ որակելով նման փոփոխությունը, նախ իրավական տեսանկյունից խնդրահարույց, ապա օրենքը իշխանությանը հարմարեցնելու ակնառու փորձ և առաջարկվեց վերականգնել նախկին ձևակերպումը և կրկին նախագծում լրացնել «նոր» եզրույթը: Ինչը և տեղի ունեցավ՝ հաշվի առնելով Կառավարության կողմից նման փոփոխության նախատեսման հիմնավորումների բացակայությունը։

Ես լիովին համամիտ եմ պատգամավորների կողմից բարձրաձայնած խնդիրների հետ, քանի որ օրենքի կողմից ՍԴ դատավոր չընտրելու դեպքում նոր թեկնածու առաջադրելու պահանջը երաշխավորում է, նախ սահմանադրական մարմինների զսպման և հակակշռման մեխանիզմի հստակ գործունեությունը, ապա երաշխավորում է ինչպես ընտրող մամնին՝ Ազգային ժողովին, այնպես էլ իրավասու մարմնին՝ այս դեպքում ՀՀ նախագահին անհարկի ճնշուներից և կամայականություններից: Դիցուք՝ նախագահն առաջադրում է մի թեկնածու, ով չի ընտրվում Ազգային ժողովի կողմից, նման կարգավորման բացակայության պարագայում նախագահը կարող է չընտրվելուց հետո նորից ներկայացնի նույն՝ իր համար ցանկալի թեկնածուին՝ արհամարհելով օրենսդրի կամքը և այլընտրանք չտրամադրելով: Արդյունքում, կստեղծի կազուսային իրավիճակ: Այս դեպքում ականատես եղանք հակառակ սցենարին:

- Ըստ Ձեզ՝ Վահե Գրիգորյանը «վեթինգի» ենթակա է՞, թե՞ ոչ՝ հաշվի առնելով հայտի գաղտնալսումները, որոնցից կարելի է ենթադրել, որ վերջինս չեզոք չէ ու գործող իշխանությունների հետ անմիջական կապ ունի։ 

- Նախ անհրաժեշտ է նշել, որ չկա «վեթինգ»-ի վերաբերյալ հրապարկված որևէ օրենսդրական նախագիծ, և, հետևաբար, դժվար է հասկանալ, թե ինչ ձևավաչափով է այն կիրառվելու դատական համակարգի նկատմամբ, կամ արդյոք կիրառելի է լինելու Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ: Հետևաբար՝ վերոնշյալ գաղտնալսումները ուղղակի ապացույց են պարոն Գրիգորյանի քաղաքականացած լինելու հարցում, ինչն արդեն պետք է բացառեր վերջինիս որպես ՍԴ դատավորի թեկնածու առաջադրումը:

- Արդյոք կարծում եք, որ իշխանությունների համար ցանկալի ու յուրային համարվող թեկնածուի առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում հակասում է անկախ դատական համակարգ կառուցելու իշխանության կողմից բարձրաձայնված նպատակին։

- Սահմանադրական դատարանի դատավորը պետք է լինի անշահախնդիր և պրոֆեսիոալ իրավաբան, և նմանաբնույթ փութաջանությամբ կոնկրետ անձի ընտրությունն արդեն ինձ համար խնդրահարույց է: Առավել ևս, որ առանց որևէ լուրջ հիմնավորման չընտրվեցին բավականին հեղինակավոր և պարկեշտ մասնագետներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ