10 06 2019

Ինչո՞ւ Յուրի Խաչատուրովին թույլ չեն տվել մեկնել ծննդավայր․ պարզաբանում

Ինչո՞ւ Յուրի Խաչատուրովին թույլ չեն տվել մեկնել ծննդավայր․ պարզաբանում

Ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ՀՀ սահմանը հատել թույլ չտալու վերաբերյալ։

«Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն: 

ՀՀ քրեական դատավարության 143-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: Վերոգրյալից ակնհայտ է, որ մեղադրյալը, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է գրավը, այլ տեղանք կարող է մեկնել բացառապես վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը պետք է արտահայտվի ոչ այլ կերպ, քան համապատասխան դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ: Մինչդեռ տվյալ դեպքում նման որևէ որոշում կայացված չի եղել, և դատարանի կողմից ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանն ուղղված գրությունը հիմնված չի եղել նման դատավարական որոշման վրա: 

Ելքի թույլտվությունը պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ արտահայտված լինելու մոտեցումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի տրամաբանությունից, որում օրենսդիրը, քանիցս օգտագործելով «թույլատրել» եզրույթը, դրա արտահայտման ձև է համարում դատարանի որոշումը: Օրինակ, նույն հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը: Իսկ անշարժ գույքը որպես գրավի առարկա թույլատրելը կարող է արտահայտվել բացառապես դատարանի՝ խափանման միջոց գրավը թույլատրելի ճանաչելու մասին որոշմամբ:

Բացի այդ, մեղադրյալին այլ տեղանք մեկնելը թույլատրելը կամ չթույլատրելը պատշաճ դատավարական փաստաթղթով ձևակերպելու պահանջը բխում է նաև դրա հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունն ապահովելու անհրաժեշտությունից: Մեղադրյալի մեկնելը թույլատրելու օրինականությունն ու հենց նրա իրավունքների պաշտպանությունն են ենթադրում, որ մեկնելը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի դիրքորոշումը պետք է լինի պատճառաբանված և արտահատվի պատշաճ այնպիսի փաստաթղթով, որը կարող է տալ այն վիճարկելու հնարավորություն, ինչը ևս բացակայում է տվյալ դեպքում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ