08 06 2019

Շրջանակը մեզ պարզ է. Արթուր Վանեցյանը՝ սևազգեստ խմբերի մասին

Շրջանակը մեզ պարզ է. Արթուր Վանեցյանը՝ սևազգեստ խմբերի մասին

Չեմ կարծում, թե վարչապետը սկանդալային հայտարարություն արեց, չեմ կիսում այդ միտքը: Այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը՝ թե «Սևազգեստ խմբերին պետք է ծաղկավոր «բաբչկա» կապել և ճանապարհել քաղաքակիրթ կյանք»։

«Եթե ուշադիր լսեիք վարչապետի հայտարարությունը, նա որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց նկատմամբ որևէ ներազդեցություն ունենալու և հստակ ցուցումը տրվել է և ոստիկանությունն այս երկու օրը, ինչպես նաև ԱԱԾ-ն իր մասով կատարում են համապատասխան աշխատանքներ։ Այլ մեկնաբանություն այս ամենին տալ չեմ կարող»,- նշեց նա։

Լրագրողի հարցին, թե հիմա ինչքան սևազգեստ մարդ տեսնեն, պետք է վնասազերծեն, Վանեցյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ դա տեղին հումոր էր կամ չգիտեմ ինչ էր։ Փորձում են կոնտեքստից դուրս ինչ-որ բաներ ասել, սևազգեստ մարդիկ և այլն, նման բան չկա, իրականում այն ինչ կա, բոլորը շատ լավ հասկանում են»։

Հարցին, թե կարող է բացել շրջանակը, նա արձագանքեց. «Շրջանակը կբացվի, երբ որ կլինեն մարդիկ, որոնք կանեն ինչ-ինչ արարքներ և բերման կենթարկվեն, եթե կլինի հանցակազմ, կհարուցվի քրգործ, դրա մասին անմիջապես բոլորը կտեղեկանան»։

Լրագրողների դիտարկմանը, թե «Ադեկվադ»-ի անդամներն են վերջին շրջանում աչքի ընկնում սև հագուստով ու հակաիշխանական ակցիաներով, արդյոք խոսքը նրանց մասի՞ն էր, Վանեցյանն ասաց.

«Ճիշտն ասած չգիտեմ, ում մասին է խոսքը, կլինեն հստակ դեպքեր, կլինեն հստակ գործողություններ իրավապահների կողմից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ