07 06 2019

Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվողը համագործակցել է ՀՔԾ-ի հետ․ «Փաստինֆո»

Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվողը համագործակցել է ՀՔԾ-ի հետ․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. «2008 թվականի մարտի 1-ի զոհերից մեկի մահվան հանգամանքները մասամբ բացահայտվել են։ Համենայն դեպս՝ ՀՔԾ-ն հայտարարել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու, այն է՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրանք է առաջադրվել  2008 թվականի մարտի 1-ի դրությամբ  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի  նկատմամբ։

Նշված հաղորդագրությունը բազմաթիվ տողատակեր ու ծալքեր է պարունակում, մանավանդ, երբ պարզվում է, որ հիշյալ անձը հենց այն նույն մարդն է, որն ըստ «Փաստինֆոյի« ունեցած հավաստի տեղեկատվության,  ցուցմունք է տվել մարտի 1-ին կրակված զենքերի պարկուճները ենթադրաբար կեղծելու վերաբերյալ:

Մեր տեղեկություններով՝ հենց նրա ցուցմունքի վրա է կառուցված 1000 պարկուճ փոխելու մեղադրանքը, նա է ցուցմունք տվել, թե իբր քննչական խմբի ղեկավարն իրեն հանձնարարել է փոխել պարկուճները։

Այլ խոսքով՝ ՀՔԾ-ի հետ համագործակցող անձն այսօր ունի մեղադրյալի կարգավիճակ ու մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու՝ 2008 թվականի մարտի 1-ի անկարգությունների ժամանակ զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ։ Վերջինս՝ հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում՝ Մաշտոցի պողոտայի մոտակայքում՝ 2008 թվականի մարտի 1-ի ուշ երեկոյան՝ Մակարով տեսակի ատրճանակի արձակված կրակոցի հետեւանքով։

ՀՔԾ-ն դեռ չի մանրամասնել, թե արդյոք սպանությունը կատարվել է տաբելային զենքով, թե ոչ և արդյոք հանցագործության գործիք հանդիսացած ատրճանակը հայտնաբերվել է։«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն գրություններ էր ուղարկել Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարարություններ, ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով ներկայացնել 2008 թվականից հետո խոտանված զենքերի ցանկը։

Հարց է առաջանում՝ եթե իսկապես 2008 թվականին կեղծվել են պարկուճները, ինչի մասին ցուցմունք է տվել այսօր արդեն սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը, և,  ինչն ի դեպ, ոլորտի մի շարք մասնագետներ, խիստ կասկածելի են համարում, ապա ինչու՞ չէր փոխել նաև  ենթադրաբար ի՛ր կողմից կատարված հանցագործության ապացույցները, օրինակ՝ գնդակը։

Ճիշտ է՝ 2008 թվականին սպանությունը բացահայտված չէր, բայց ենթադրաբար Գեղամ Պետրոսյանը գիտե՞ր չէ, որ իր կրակոցից է մահացել ու ապացույցներ կեղծելիս տրամաբանական կլիներ, որ փորձեր նաեւ ի՛ր կողմից կատարված հանցագործության հետքերը թաքցնել։ Այս համատեքստում է ընդգծվում  պարկուճները փոխելու մեղադրանքի վիճահարույց լինելը. մի տեսակ հանձին Գեղամ  Պետրոսյանի՝  ինքնախարազանվողի  կերպարի ստեղծումը:

Իսկ գուցե այս ամենն ունի ա՞յլ բացատրություն՝ իշխանափոխությունից հետո  ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը շտապել է իր ծառայությունները մատուցել ՀՔԾ-ին, նրանց ցանկալի ցուցմունքներ տալ՝ հետագայում իրեն ապահովագրելու եւ ուշադրությունն իր վրայից շեղելու՞ համար։

Եթե, իհարկե, բացառենք երրորդ  տարբերակը՝ Գեղամ-Պետրոսյան- ՀՔԾ համագործակցությունը շարունակվում է եւ ենթադրաբար առաջիկայում կլինեն նոր «բացահայտումներ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստինֆո»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ