30 05 2019

Մաքսային ծառայության գնդապետը դատի է տվել Դանիել Իոաննիսյանին

Մաքսային ծառայության գնդապետը դատի է տվել Դանիել Իոաննիսյանին

ՀՀ Մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանը հայտարարություն է տարածել՝ նշելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն իրեն զրպարտել է։ Հայտարարությունում նշվում է․

«Մայիսի 22-ին Դանիել Իոաննիսյանը հրապարակային քննարկման ժամանակ զրպարտել է ինձ՝ հայտնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, որոնք արատավորել են իմ պատիվն ու արժանապատվությունը:

Իոաննիսյանը, մասնավորապես, հայտարարել է. «Նախկինում մենք չենք տեսել դեպքեր, որ ազգային անվտանգության ծառայությունը կամ ծառայության տնօրենը այդքան սերտ համագործակցության մեջ լինի քրեական հեղինակությունների հետ: …Քրեական հեղինակությունների անուններն էլ շատերը գիտեն, այսինքն` անուն–ազգանուները ես չգիտեմ մականուններով են ասում՝ Վստրեչի Ապեր, Թոխմախի Բաբո, Վովայի Արշակ, այսինքն` էդ մարդիկ հիմա իրանց ավելի ազատ են զգում, քան նախկինում...»: 

Իոաննիսյանի՝ այսպես կոչված տեսակետը լայն հասարակական արձագանք է ստացել միջոցառմանը ներկա մեծ քանակությամբ զանգվածային լրատվամիջոցների կողմից: Վերջինս, սակայն, շարունակում է իմ մասին զրպարտչական տեղեկությունների տարածումը, ինչը վկայում է հստակ միտված քայլերի մասին, քանի որ ստահոդ լուրերն իբրև անհերքելի ճշմարտություն մատուցելու անթաքույց մղումներն այդքանով չեն սահմանափակվել և առաջին փորձին հաջորդել է ևս մեկը՝ անտեսելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ մայիսի 24-ին հնչեցրած պարզաբանումը թեմայի մասին, ըստ որի՝ ԱԱԾ ղեկավարն, անդրադառնալով իմ՝ քրեական հեղինակություն հանդիսանալու և ԱԱԾ-ի հետ համագործակցության մասին Իոաննիսյանի պնդումներին, նշել էր, որ Բաբկեն Ղազարյանը ՊԵԿ-ի մաքսային ծառայության գնդապետ է, աշխատել է նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, և շփումը եղել է ի պաշտոնե: 

Ա.Վանեցյանի հայտարարությունից անմիջապես հետո Իոաննիսյանը մայիսի 25-ին կրկին նույնաբովանդակ տեսակետներ է հնչեցրել: Փաստորեն, Իոաննիսյանը շարունակում է զրպարտել ինձ՝ տարածելով ակնհայտ կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և անտեսելով ԱԱԾ պետի պարզաբանումը իր հերյուրանքների հետ կապված:

Հետևաբար, հաշվի առնելով իմ անցած աշխատանքային ուղին և ձեռքբերումները, մտավախություն ունենալով, որ չփաստարկված տեղեկությունների, պարզապես հերյուրանքների տարածումը ԶԼՄ-ներով և դրանք անարձագանք թողնելը կարող են հանիրավի ստվեր նետել իմ պատվի և արժանապատվության վրա, հարկ եմ համարում հիշեցնել հասարակության լայն զանգվածներին, որ Իոաննիսյանը հստակ նպատակադրումով պախարակելու գործընթաց է սկսել՝ ինչպես իմ, այնպես էլ ԱԱԾ տնօրենի անձի և գործունեության նկատմամբ:

Այսինքն՝ փորձ է արվում, անտեսելով պետական կառավարման համակարգում իմ աշխատանքային երկարամյա գործունեությունը, ստվեր նետել իմ անձի վրա: Հետևաբար` անհրաժեշտ եմ համարում հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնել, որ ես ոչ թե քրեական հեղինակություն եմ, ինչպես հայտարարում է Իոաննիսյանը, այլ Բաբկեն Ղազարյանը, ով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում երկարամյա արդյունավետ գործունեություն է իրականացրել՝ նպաստելով մաքսային բարեփոխումներին նպատակաուղղված բազմաթիվ հաջողված միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում էապես բարելավվել են մաքսային ընթացակարգերը՝ դառնալով արագ, արդյունավետ ու որակյալ: 

Ավարտել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում, գերազանցությամբ ավարտել եմ նաև Ռուսաստանի մաքսային ակադեմիան՝ կատարելագործելով մաքսային ոլորտում գիտելիքներս ու փորձառությունս: Գերազանց և բարեխիղճ ծառայության համար ինձ շնորհվել է մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչում, պարգևատրվել եմ նաև հուշամեդալներով: Իմ գործունեությամբ հասարակության կողմից մշտապես ընկալվել եմ որպես պատշաճ վարքագիծ ունեցող, օրինապահ քաղաքացի:Եվս մեկ անգամ փաստում եմ, որ Դանիել Իոաննիսյանի կողմից իմ անձի վերաբերյալ արված հայտարարությունները զրպարտություն են, չեն համապատասխանում իրականությանը և ակնհայտորեն միտված են ինձ վարկաբեկելուն, ուստի դիմել եմ դատարան՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու նպատակով:

Հաշվի առնելով հանգամանքը, որ զրպարտությունը տարածվել է հրապարակային միջոցառման ժամանակ՝ լրագրողների ներկայությամբ, ինչն ապահովել է կեղծ տեղեկատվության արագ տարածումն ու հանրության լայն շրջանակներին հասանելիությունը, որպես պատճառված բարոյական վնասի փոխհատուցում՝ պահանջելու եմ պարտավորեցնել Իոաննիսյանին՝ նույն կերպ` լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները՝ հրապարակելով հերքման տեքստն ամբողջությամբ, ինչպես նաև բռնագանձել երկու միլիոն դրամ, ինչը կօգտագործվի բարեգործական նպատակներով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ