30 05 2019

Ոստիկանության պատասխանը՝ իմքայլական պատգամավորի մեղադրանքներին

Ոստիկանության պատասխանը՝ իմքայլական պատգամավորի մեղադրանքներին

Մայիսի 30-ին Ազգային ժողովում պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ելույթում մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել անձնագրային ծառայությունների աշխատանքների կազմակերպման առումով։ 

Այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է։ 

1. Պատճենահանման հարցի վերաբերյալ։ 

ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել էր հանձնարարական խնդիրը կարգավորելու համար։ Այն իրականացվում է երկու փուլով։ Թեև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից պայմանագրի համաձայն պատճենահանող սարքավորումները մատակարարվելու էին ավելի ուշ, բանակցությունների արդյունքում դրանք ավելի շուտ են տրամադրվել (մայիսի 15-ին) անձնագրային և վիզաների վարչությանը։ Երևանի անձնագրային ծառայությունները վերազինվել են պատճենահանող սարքավորումներով։ Անհրաժեշտ մյուս նյութերը նույնպես կտրամադրվեն շատ կարճ ժամկետում և հունիսի 3-ից՝ սկզբնական փուլում, Երևանի անձնագրային ծառայությունները կունենան պատճենահանման հնարավորություն։ 

Շրջանառության մեջ է դրվել նաև արտաբյուջետային միջոցների վերաբաշխում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում տնտեսված միջոցների հաշվին նախատեսվում է ձեռք բերել ավելի երկարադիմացկուն պատճենահանող սարքավորումներ, որոնք կտրամադրվեն բոլոր անձնագրային ծառայություններին (թվով 62), այդ թվում՝ նաև Երևանի։Որպես երկարաժամկետ և կայուն լուծում (ընդ որում, հետագայում լրացուցիչ ծախսեր չեն պահանջի) կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ձեռքբերման մրցութային փաստաթղթերի տեխնիկական առաջադրանքում նախատեսվել է քաղաքացու կողմից ներկայացվող փաստաթղթերը սկանավորման եղանակով էլեկտրոնային բազայում պահպանելու հնարավորություն։

2. Հերթերի վերաբերյալ։

Նախ անհրաժեշտ է նշել, որ հանգստյան սեզոնով պայմանավորված մայիս-օգոստոս ամիսներին աննախադեպ աճում է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների քանակը։ Բացի այդ, նշված ամիսներին կտրուկ աճում է նաև դպրոցներ և մանկապարտեզներ հաշվառման տեղեկանքներ ներկայացնելու, իսկ այս տարի նաև նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար դիմողների քանակը։ Այնուամենայնիվ, հերթերի կարգավորման հարցը ՀՀ ոստիկանության համար հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր։

Ներկայումս շրջանառության մեջ է դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է 35 անձնագրային ծառայություններում տեղադրել հերթերի կարգավորման համակարգեր։ Ընդ որում, ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեն կխնայի 60 մլն դրամ։ Ներդրումային համապատասխան ծրագրով առեւտրային կազմակերպությանը 6 տարվա ընթացքում սպասարկման վճար չի հատկացվելու։ Բացի այդ, նշված միջոցառմանը զուգահեռ բոլոր անձնագրային ծառայություններում տեղադրվելու են մանրը վերադարձնող սարքավորումներ, որը բխում է հակակոռուպցիոն ռազմավարական միջոցառումների ծրագրից։ Ընդ որում, այդ ամբողջի հետ մեկտեղ նախատեսվում է տերմինալների միջոցով տեղում վճարվող 300 դրամ միջնորդավճարը նվազեցնել 100 դրամի, տեղերում տեղադրել անկանխիկ վճարման տերմինալներ։

 3. Քաղաքացիների իրազեկվածության վերաբերյալ։

Անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով օրվա կտրվածքով ստացվում են հարյուրավոր զանգեր, որոնք հիմնականում տեղեկատվական բնույթի են։ Առանց հանգստյան օրերի, շուրջօրյա գործում է անձնագրային և վիզաների վարչության ֆեյսբուքյան էջը, որը բացի իրավական իրազեկումներ տարածելուց, սեղմ ժամկետներում քաղաքացիների նամակներին տալիս է սպառիչ պատասխաններ։Շուտով կգործի ԱՎՎ եռալեզու պաշտոնական կայքէջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ