«Սահմանադրական դատարանի հայտարարությունից հետո դատավոր Դավիթ Գրիգորյանի այս քայլը շատ տրամաբանական է, որևէ խնդիր չկա»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով մամուլում հրապրակաված այն լուրերին, որ դատավորը Սահմանադրական դատարանից վերցրել է Մարտի մեկի գործի նյութերը ՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։
«Ինչքան էլ մենք գտնենք, որ այդ հարցերը վերաքննիչ բողոքարկման ենթական չեն, ամեն դեպքում վերաքննիչ դատարանը չի կարող դրան պատասխան տա՝ ենթական են թե ոչ, քանի դեռ դա որևէ դատավորի չի մակագրվել, տեխնիկական խնդիրներ են մանր, որևէ արտառոց բան չկա:
Առաջին ատյանի դատարանը կասեցրել է գործը, ուղարկել է սահմանադրական դատարան, դատախազությունը կասեցման դեմ բողոք է բերել, ու խնդրել դատարանին ինչ որ անհասկանալի պահանջով հաստատել սահմանադրական դատարան դիմելու հիմքի բացակայություն։ Ստեղծագործական մոտեցում են ցույց տվել։ Վերաքննիչ դատարանը, իհարկե, չի կարող նման բան հաստատել, չկա նման իրավակարգավորում, միայն սահմանադրական դատարանը կարող է գնահատել՝ հիմնավո՞ր են դիմել, թե՞ անհիմն: Բայց հիմա եթե նույնիսկ տեսականորեն ենթադրենք, որ վերաքննիչ դատարանը որոշեց, որ վարույթը պետք է չկասեցվի, դա դեռ չի նշանակում, որ գործը սահմանադրական դատարանից հետ պետք է գա։ Հիմա դատարանն ի՞նչ պետք է անի․ վարույթը վերսկսի, բայց գործը չքննի, քանի որ ՍԴ-ից արդյունք չկա»:
Փաստաբանի խոսքով, գործը չի կարող քննվել, քանի դեռ սահմանադրական դատարանի որևէ որոշում չկա, իսկ դատախազության գործողությունները, նրա որակմամբ, անիմաստ սկզբունքայնության հետևանքն են, որոնք լրացուցիչ խնդիրներ են ստեղծում մեր իրավական համակարգի համար:
«Երբ որ դատավորը խափանման միջոց է կիրառել, խոսքը անձնական երաշխավորության մասին է, իրականում պարոն Քոչարյանի իրավունքների խախտում է թույլ տվել, որովհտեև ինքը արձանագրել է, որ կասկած ունի այդ նորմի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, այդ նորմը կիրառելով՝ խափանման միջոց է ընտրել։ Պետք է ընդհանրապես խափանման միջոց չընտրվեր։ Այս դեպքում մեր վստահորդի իրավունքներն են խախտվել, բայց չգիտես ինչու՝ աղմկում են մյուսները:
Եթե այս մասով բողոքարկվում է խափանման միջոցի հարցը, երբ գործը սահմանադրական դատարանում է, վերաքննիչ դատարանը չի կարող խափանման միջոց փոխել, չի կարող այնպիսի որոշում կայացնել, որը հանգեցնելու է կալանավորման, քանի որ այն նորմերը, որոնցով պետք է դա անի, հիմա քննարկվում է ՍԴ-ում:
Բովանդակային իրավաբանությունը հիմա կատարվում է ՍԴ-ում, մնացած բոլոր գործողություններն ուղղակի իրավական քաոս առաջացնելու նպատակ են հետապնդում: Երևի թե դատախազության պլաններով գործը չի գնացել, հիմա ցայտնոտային վիճակով անիմաստ պահանջներ ներկայացնելով, բողոքարկումների շարք են սկսել։ Բայց դրա մասին 6-7 ամիս առաջ պետք է մտածեին, երբ որ այս հարցերի մասին մենք զգուշացնում էինք»,-ասաց փաստաբանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը