29  05  2019

Հաշվի չառնեք իրավախախտ վարորդի ո՛չ պաշտոնը, ո՛չ կարողությունը․ Օսիպյանը՝ ՃՈ-ին



ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Վալերի Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց «Վերջին զանգի» օրը սրտացավ ու բարեխիղճ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով իր գոհունակությունը փոխանցել ենթականերին։

Ոստիկանության պետը անդրադարձավ հասարակություն-ոստիկանություն վստահությանը՝ ընդգծելով, որ այդ գործում մեծ է ճանապարհային ոստիկանության դերը։ Այս համատեքստում Վալերի Օսիպյանը հանձնարարեց գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու համարձակ՝ հանդուրժողականություն չցուցաբերելով իրավախախտների նկատմամբ։

«Հաշվի չառնեք իրավախախտ վարորդի ո՛չ դիրքը, ո՛չ կարողությունը, ո՛չ էլ զբաղեցրած պաշտոնը․ ստեղծված իրավիճակում բոլորը հավասար են օրենքի առջեւ»,-շեշտեց ոստիկանության պետը։

Խոսելով կոռուպցիոն դրսեւորումների արատավորության մասին՝ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ հանձին ճանապարհային ոստիկանների՝ իրավիճակի պահանջներից ու տրամաբանությունից շեղվողներ չեն լինի։

Ոստիկանության պետը հավաստիացրեց, որ շեղվողները խստագույնս կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ անկախ կոչումից ու զբաղեցրած պաշտոնից։

Խորհրդակցությանը քննարկման առարկա դարձավ նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը։

Կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու առումով Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց բազմակողմանի վերլուծել մահվան ելքով բոլոր պատահարները, յուրաքանչյուր դեպքով վեր հանել վթարը ծնող պատճառները եւ գործնական քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ՝ ակտիվ համագործակցելով խնդրով մտահոգ պետական ու ոչ պետական մարմինների հետ։

Առանձին քննարկման առարկա դարձավ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացումը։ Այս առումով եւս ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ճանապարհային ոստիկանության աշխատանքը՝ խորհրդակցության ավարտին Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ ձեռք բերվածով բավարարվելը անթույլատրելի է համարում․ իր համար ընդունելի տարբերակը օր օրի ավելի որակյալ, ավելի գրագետ, ավելի անխոցելի եւ համարձակ ճանապարհային ոստիկանություն ունենալն է․ դա բխում է մեր իրավագիտակից հասարակության շահերից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ