26  05  2019

Ինչպե՞ս են դանակահարել Para TV-ի օպերատորին․ պարզաբանում

Ինչպե՞ս են դանակահարել  Para TV-ի օպերատորին․ պարզաբանում

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Para TV-ի աշխատակցի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: 

«Ժամեր առաջ լրատվական կայքերից մեկը տեղեկատվություն էր հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ արտակարգ միջադեպ է արձանագրվել։ Մասնավորապես՝ հանրահավաքի ժամանակ «Para TV» լրատվական կայքի աշխատակիցներից մեկը դանակահարվել է։ Պարզաբանենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ լրատվական կայքի աշխատակիցը մարմանական վնասվածքները ստացել է Երևանի Սարյան փողոցի 24Ա շենքի մերձակայքում, որտեղ նրա և մայրաքաղքում բնակվող 31-ամյա մի տղամարդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում էլ 31-ամյա տղամարդը սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիշյալ լրատվական կայքի աշխատակցին և վերջինիս հետ եղած անձին’ պատճառով մարմնական վնասվածքներ։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություն։ Վերջիններիս մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը Կենտրոնականի քրեական հետախույզներին հայտնի է։ Նրանք ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ կասկածվողին հայտնաբերվելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր։

Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չտարածել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ  PARA TV-ն հայտարարություն է8 տարածել, որում ասվում է.

«Հարգելի հեռուստադիտողներ և գործընկերներ, քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել մեր հնչյունային օպերատորը:

Հաստատում ենք տեղեկությունը, բայց այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնել չենք կարող, քանի որ իրավապահները մեզ թույլ չտվեցին խոսել մեր աշխատակցի հետ: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում. բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ