24  05  2019

Քոչարյանի գործով կասեցման որոշումը համահունչ է Վենետիկի հաձնաժողովի դիրքորոշումներին. Սարգիս Գրիգորյան. Panorama.am

Քոչարյանի գործով կասեցման որոշումը համահունչ է Վենետիկի հաձնաժողովի դիրքորոշումներին. Սարգիս Գրիգորյան. Panorama.am

Panorama.am-ը գրում է.

Հարցազրույց, իրավաբան, GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանի հետ։

Հարց-Արդյո՞ք Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դ. Գրիգորյանը կարող էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով վարույթը և ուղարկել Սահմանադրական դատարան։

Պատասխան-2011 թվականի հունվարի 27-ին Վենետիկի հանձնաժողովը զեկույց է հրապարակել Սահմանադրական արդարադատության մատչելիության վերաբերյալ (CDL-AD(2010)039rev.), որով կարևորվում է դատարանների իրավունքը դիմել սահմանադրական դատարան, եթե դատարանը ունի կասկածներ, որ կիրառման ենթակա նորմը խախտում կամ հակասում է սահմանադրությանը (preliminary ruling procedures):

Այս գործընթացի առավելությունն այն է ըստ Վենետիկի հանձնաժողովի, որ դատարանները լավ տեղեկացված են և ունեն բավարար կարողություններ ճիշտ ձևակերպելու, գնահատելու և ներկայացնելու իրավական խնդիրը: Ավելին, Վենետիկի հանձնաժողովը կարծում է նաև, որ դատարանները ծառայում են որպես նախնական զտիչներ և կարող են նվազագույնի հասցնել չարաշահող կամ կրկնվող դիմումների քանակը:

Այսինքն` Դ. Գրիգորյանի որոշումը` դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան ոչ միայն ամրագրված է մեր օրենսդրությամբ, այլ նաև համապատասխանում է միջազգային լավագույն փորձին։ Ի միջայլոց, դատարանների այդ իրավունքը` գործը կասեցնելու, և «բարձր դատարանին» դիմելու, նաև ամրագրված է Եվրոպական միության իրավական փաստաթղթերում և լայնորեն կիրառվում է ԵՄ անդամ երկրների դատական պրակտիկայում։

Հարց-Ձեր կարիքով որո՞նք են այդ որոշման հետևանքները:

Պատասխան-Այսպիսով` Վենետիկի հանձնաժողովի զեկույցը նաև արձանագրում է, որ դատավորը պարտավոր է դիմել սահմանադրական դատարան, եթե առկա են կասկածներ կամ անորոշություններ, թե արդյոք կիրառման ենթակա նորմը կարող է խախտել կամ հակասել սահմանադրությանը։ Այս սկզբունքի հիմքում դրված է դատավորի «ինքնավարությունը»` քննելու և լուծելու դատական գործը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ իր ներքին համոզմամբ գործի հանգամանքները գնահատելով:

Այսինքն` Վենետիկի հանձնաժողովը սահմանում է, որ դատարաններն են կանգնած առաջնագծում` կիրառելու Սահմանադրությունը և օրենքները և, իհարկե, սահմանադրության գերակայության ապահովման գործում նրանց դերը չի կարելի թերագնահատել:

Դատարաններն առաջինն են, որ պետք է «հայտնաբերեն», թե արդյոք օրենքի կիրառումը սահմանադրական խնդիր է առաջացնում։ Այսինքն` դատարանի կողմից սահմանադրական դրույթների ճիշտ կիրառելիությունը ապահովում է արդարադատության իրականացման որակը, այսինքն` անհատի հիմնարար իրավունքների պաշտպանությունը:

Այսպիսով` առաջին ատյանի դատարանի որոշումը իրավաչափ է, իսկ Սահմանադրական դատարանը ունի բացառիկ ընդդատություն քննելու դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից բարձրացված իրավական հարցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ