20 05 2019

Դատարանի՝ Մարտի 1-ի գործով ՍԴ դիմելու որոշման հիմնավորումները

Դատարանի՝ Մարտի 1-ի գործով ՍԴ դիմելու որոշման հիմնավորումները

Նախկին փոխվարչապետ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և մյուս 3 նախկին պաշտոնյաների գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշման հիմնավորումները։

«Դատարանը փաստում է, որ գործը դատական քննության նախապատրաստելիս համապատասխան որոշում կայացնելու համար անհրաժեշտ, կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009թ. մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործով խմբագրությամբ, այլ կերպ՝ Հին օրենք) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի (Նոր օրենքի) ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ առկա են հիմնավոր կասկածներ, որպիսի հետևության հանգում եմ հետևյալ իրավական վերլուծությունների և դատողությունների արդյունքներով:

Դատարանը սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է նաև գործողությունը դադարեցված և մինչ 2009թ. մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործով խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցի պարզում:

Դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի կիառման խնդիրն առկա է դատական քննության հատկապես տվյալ փուլում, ուստի դրանց սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարան է դիմում՝ օգտվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումից:

Տվյալ դեպքում թեև Հին և Նոր օրենքները նախատեսում են միևնույն պատժատեսակը և պատժաչափը, սակայն դրանցում էականորեն տարբերվում են այդ հոդվածների դիսպոզիցիաները, որոնցից ըստ մեղադրող կողմից վարկածի, Նոր օրենքի դիսպոզիցիայի ծավալն ավելի նեղ է, քան Հին օրենքինը՝ այն տրամաբանությամբ, որ Նոր օրենքը որպես քրեորեն պատժելի արարք՝ սահմանադրական կարգի տապալում է սահմանել Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ նորմի խախտումը, որը հանգեցրել է որոշակի հետևանքի»,- նշվում է դատարանի հիմնավորման մեջ։

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ