15 05 2019

Մեղադրող կողմը պատասխաններ չունի

Մեղադրող կողմը պատասխաններ չունի

Այն, ինչ կատարվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հերթական ՝ մայիսի 15-ի դատական նիստի ժամանակ, առավել քան ուշագրավ էր։ Նախ մեղադրող կողմը՝ դատախազները, միջնորդություն ներկայացրին, որպեսզի Արշակ Կարապետյանի ցուցմունքը հրապարակվի դռնփակ նիստում։ (Հիշեցնենք, որ ՊՆ նախկին պաշտոնյա Արշակ Կարապետյանը, ըստ «օդում կախված լուրերի», վարչապետի խորհրդական նշանակվեց Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունքից հետո։

Փաստաբաններն ի սկզբաե պնդում էին, որ այդ ցուցմունքում ոչինչ չկա, բացի հետևյալ նախադասությունից. «Որքան հիշում եմ՝ դրանից հետո Քոչարյանն ասաց՝ այսօրվանից՝ 00.00-ից, հայտարարում եմ արտակարգ դրություն»: Այդ ցուցմունքը ներկա եղած բարձրաստիճան զինվորականներից որևէ մեկը չի հաստատել): Արշակ Կարապետյանի ցուցմունքը միշտ թաքցվել է, իսկ պաշտպանական կողմը պնդում էր, որ նրանում գաղտնի և սենսացիոն բան չկա, չնայած որ հիմնավոր կասկածի առիթ է ընդունվել հենց այդ ցուցմունքը։ Ինչևէ, դատարանը մերժեց դատախազների միջնորդությունը։ Ցուցմունքի հրապարակման ժամանակ թե՛ դատավորը, թե՛ դատախազները մշտապես ընդհատում էին փաստաբան Հայկ Ալումյանին՝ կոչ անելով սեղմ ներկայացնել։

Ռոբերտ Քոչարյանը ստիպված եղավ բացատրել, որ սրա պատճառն այն է, որ այդ նյութերը ժամանակին չեն ներկայացրել. «Ամեն մի ցուցմունքը 10, 15, 20, 30 էջերից է կազմված: Բազմաթիվ տարբեր հարցեր են տալիս: Եթե մեջբերումի տակ հասկանում ենք մեկ նախադասություն, ապա այդ մեկ նախադասությամբ չես կարող արտահայտել այն, ինչն ուզում ես ասել: Կրկնում եմ՝ պատճառը մեկն է, եթե նրանք ներկայացրած լինեին այդ ամենը, այսօրվա այս վիճակը մենք չէինք ունենա: Մենք այն բացն ենք լրացնում, որը հատուկ թույլ էր տրվել քննչական մարմինների կողմից»:

Նիստի վերջում էլ պարզվեց, որ դատախազը հարցազրույց է պատրաստ տալ, բայց՝ միայն Հ1-ին։ Սա ուշագրավ նորությունների շարքին է դասվում։ Ինչո՞ւ է դատախազական համակարգը թաքնվում լրատվամիջոցներից և ինչո՞ւ է միայն իշխանական քարոզչամեքենային հարցազրույց տալիս։

Ինչո՞ւ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները համբերատար պատասխանում են բոլոր հարցերին արդեն տասը ամիս, հանգամանորեն ներկայացնում իրավիճակը, իսկ դատախազները խուսափում են։ Իսկ գուցե թաքցնելու բա՞ն ունեն, կամ իրական հարցերի պատասխանը չունե՞ն, վախենում են չկարողանա՞ն լեզուները փակի տակ պահել և իրենց հերթին փուլ գա «ջուր գործը»։

Ինչու՞ թե նախաքննության փուլում, թե արդեն դատավարության ընթացքում միմիայն մեղադրող կողմն է, որ ձգտում է գործի գաղտնիության, դատարանին միջնորդում է նիստերը անցկացնել դռնփակ, իսկ հարցազրույցները տալիս են միայն Ազատություն TV, Հայկական Ժամանակին և Հանրային հեռուստաալիքին: Սա արդյոք տեղավորվո՞ւմ է բաց դատավարության և ամեն ինչ բաց ասելու տրամաբանության մեջ։

Կարծում ենք սա հակառակի ապացույցներից է՝ որ «գործը ջուր է», հիմնավոր կասկած ուղակի չկա, դրա համար պատասխանում են «հարմար» լրատվամիջոցի հարցերին: Ինչ խոսք, մեզ բոլորիս սպասվում է աննախադեպ դատավարական պրոցես, ամեն օր ականատեսն ենք լինելու թե ինչպես է փլվում «Մարտի 1 նոր գործի» թղթետնակը:

Հ.Գ. Ի դեպ, Հանրայինի եթերում Ռոբերտ Քոչարյանին անվանում են «մեղադրյալ Քոչարյան», տիտրերում համապատասխանաբար նշելով՝ «Մարտի 1-ի գործով մեղադրյալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ