15  05  2019

Առնվազն յոթ սպանությունները կատարվել են ոչ ոստիկանների, ոչ էլ բանակի կողմից. Ռոբերտ Քոչարյան

Առնվազն յոթ սպանությունները կատարվել են ոչ ոստիկանների, ոչ էլ բանակի կողմից. Ռոբերտ Քոչարյան

Մայիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող դատական նիստին Հայկ Ալումյանը մի հատված ընթերցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից՝ նշելով, որ այդ մի նախադասությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

«Իշխանությունը պահելու համար ընթացող գործընթացներին ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր իրենց թիկնազորից կամ այլ անձանցից ստեղծել են հանցավոր խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր հրազեններով, այդ անձանցից բաղկացած խմբերին ներգրավելով 2008 թ. մարտի 1-ի երեկոյան և մարտի 2-ի գիշերը Երևան քաղաքի տարբեր փողոցներում իրականացվող քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատություններն ակնհայտ խախտող հանցավոր գործողությունների իրականացմանը»:

Ալումյանը նկատեց, որ «ներգրավվել»-ն օգտագործված է կրավորական ձևով, հայտնի չէ, թե ո՞ւմ կողմից են ներգրավել, իրենց նախաձեռնությամբ են ներգրավել, թե՞ ոչ։

Բացի այդ, գրված էլ չի, թե որ անձինք են, նշված չէ, այդ որոշ անձանցից գոնե մեկի անունը։

«Նշված չէ, թե ում կողմից են որոշ անձինք ներգրավվել, և նշված չէ, թե այդ որոշ անձանց գործողությունների պատասխանատվությունը ինչ առումով է դրված պարոն Քոչարյանի վրա, ինչու այդ պատասխանատվությունը պետք է կրի պարոն Քոչարյանը։ Այս մեղադրանքը ևս հնարավոր չէ վիճարկել հիմնավոր կասկածի տեսանկյունից»,-ասաց Ալումյանը։

Այստեղ Ալումյանի խոսքը շարունակեց Ռոբերտ Քոչարյանը: Նա ասաց, գործում չկա որևէ տող, թե ինչ քննչական աշխատանքներ են իրականացվել այդ որոշ անձանց հետ, ձերբակելվե՞լ են, թե՞ ոչ, կան այլ քրեական գործեր, թե՞ ոչ։

«Ես կարող եմ ենթադրություն անել, թե ինչի համար է սա գրված։ Տասը սպանության փաստեր այս քրեական գործում ընդհանրապես չկա, այս դրվագն այսպես անորոշ կերպով մտցրել են մարդկանց ուղեղը մտցնելու համար, որ այդ սպանությունները կարող են կատարված լինել մերձավոր անձանց կողմից։ Այլ հիմնավորում, թե ինչու է այս դրվագը մտցվել մեղադրանքի մեջ, չկա, ուրիշ բացատրություն ես չունեմ»,-ասաց նա։

Քոչարյանը հայտարարեց, 10 սպանություններից առնվազն 7-ը արվել է այլ անձանց կողմից։

«Առնվազն 7 սպանությունները կատարվել են այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների, ոչ էլ բանակի»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ