26 04 2019

«Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով ՄԻԵԴ վճիռը Ռոբերտ Քոչարյանի դեմ դիվիդենտ չէ, նրան առնչվող քրգործով դատարկություն է. Հ. Ալումյան. Tert.am

«Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով ՄԻԵԴ վճիռը Ռոբերտ Քոչարյանի դեմ դիվիդենտ չէ, նրան առնչվող քրգործով դատարկություն է. Հ. Ալումյան. Tert.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը չի թուլացնում մեր պաշտպանական մարտավարությունը, այն դատավարական որևէ դիվիդենտ, որևէ նոր փաստարկ, որևէ հիմնավորում իրենից չի ներկայացնում Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենց պաշտպանական ռազմավարությունը չի թուլանում ՝ հաշվի առնելով այն, որ ՄԻԵԴ-ը մերժել է Կառավարության բոլոր պնդումներն այն մասին, որ 2008թ․-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չի եղել, նաև արձանագրել, որ այդ հավաքի խաղաղ բնույթը հերքող որևէ ապացույց կառավարության կողմից ներկայացված չի եղել:

«Սա, միանշանակ, Ռոբերտ Քոչարյանի դեմ դիվիդենտ չէ, սա շատ գեղեցիկ, փայլփլուն, շողշողուն փաթեթավորում է, որի մեջ դատարկություն է: Ուղղակի էտ փաթեթը անիրազեկ քաղաքացիներին ներկայացնելու տեսանկյունից շատ շահեկան տեսք ունի: Ըստ Եվրոպական դատարանի՝ կառավարությունը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որպեսզի հիմնավորի, ընդ որում՝ խոսքը վերաբերում է այն իրադարձություններին, որոնք եղել են մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում:

Կրկնեմ՝ պետք է լավ փաստենք, որ խոսքը նրա մասին է, որ կառավարությունը չի կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել: Ընդհանարապես թյուր կարծիք կա, որ Եվրոպական դատարանը մեր դատարանների 4-րդ ատյանն է, ՄԻԵԴ-ն ինքն է բազմիցս նշել, որ 4-րդ ատյան չէ ոչ մի երկրի համար: ՄԻԵԴ-ը փաստ ապացուցող դատարան չէ, ինքը տալիս է կողմերի ներկայացված փաստերի իրավական գնահատական եվրոպական կոնվենցիայի տեսանկյունից»,-շեշտեց Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմն ավելի վաղ պնդել էր, որ հավաքները խաղաղ չեն եղել, տեսանյութ կա, ՀՀ-ում օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ ևս:

Պաշտպանը նշեց, որ ՄԻԵԴ-ը միայն Լևոն Տեր-Պետրոսյանի մասով է փաստել, որ խաղաղ ցույցերի մասով իրավունքը խախտվել է:

«Ինչո՞ւ կառավարությունը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որոնք է ներկայացրել, որոնք՝ ոչ, հետո կպարզենք: Ես կարծում եմ, որ եթե ՄԻԵԴ-ն ունենար բոլոր այն նյութերը, որոնք այսօր առկա են մեր ձեռքի տակ, հազիվ թե եզրակացներ, որ հավաքը խաղաղ է, եթե ունենար այդ նյութերը, թե հիմա ինչու չի ունեցել, դա առանձին քննարկման հարց է: Բացի այդ, ՀՀ բազմաթիվ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ կան, Լևոն Տեր-Պետրոսյանի մասով մեղադրական դատավճիռ չկա, ինչը նշանակում է, որ մեր վկայակոչած դատավճիռներից որևէ մեկը կասկածի տակ չի դրվում Լևոն Տեր-Պետրոսյանի գործով կայացած վճռի արդյունքում:

Ես կարծում եմ, որ մեր դատավարական հակառակորդը, ուղղակի չունենալով որևէ այլ լուրջ փաստարկ, մեծ դիվիդենտներ է փորձում շահել այս վճռից, բայց դիվիդենտ չկա»,-նկատեց նա:

Հայկ Ալումյանն ասաց, որ շատ ավելի հետաքրքիր հետևությունների կարող են հանգել, եթե ուսումնասիրենք որոշումների այն հատվածները, որոնցով Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը մերժվել է՝ որպես ակնհայտ անհիմն:

«Խոսքը միայն այժմ հրապարակվածի մասին չէ («տնային կալանքի» իրավաչափության հարցով), տարիներ առաջ մի հատ էլ որոշում կար, որտեղ էլի մասեր կային անընդունելիության վերաբերյալ: Էտ մասերը, եթե ուսումնասիրեք, շատ ավելի փաստական նյութ կլինի»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ապրիլի 25-ին հրապարակել է «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը։ Գանգատը ներկայացվել էր 2008թ․ օգոստոսի 30-ին և վերաբերում էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (1991-1998թթ.)՝ 2008թ․ նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, ինչպես նաև այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, իր՝ Ազատության հրապարակում ձերբակալության և ազատ տեղաշարժի սահմանափակմանը 2008թ․-ի մարտի 1-ից մինչև 20-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև իր իրավունքների խախտումները քաղաքական հայացքների հիմքով խտրականության դեմ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ