25 04 2019

Դժվար կլինի ապացուցել Արթուր Վանեցյանի պնդումները․ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ․ Փաստինֆո

Դժվար կլինի ապացուցել Արթուր Վանեցյանի պնդումները․ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ․ Փաստինֆո

2019 թվականի ապրիլի 23-ին ավարտվեց Սեդրակ Քոչարյան ընդդեմ Արթուր Վանեցյան գործի նախնական դատական նիստը։ Դատարանը հստակ սահմանեց, որ Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները պետք է կրեն փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝  պատասխանողը պետք է ապացուցի, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Արթուր Վանեցյանի կողմից կատարված արտահայտությունները հանդիսանում են փաստացի տվյալներ և չեն համարվում զրպարտություն։

«Կարծում եմ, պատասխանող կողմի համար բավականին դժվար կլինի ապացուցել այդ պնդումները, քանի որ, 2019 թվականի փետրվարի 21-ին Արթուր Վանեցյանն արդեն իսկ հայտարարել է, որ իր խոսքը եղել է ոչ այդքան ճիշտ ձևակերպված, և որի համար պարզաբանում է տվել»,- ասել է Ա.Ալավերդյանը: Ավելին, Արթուր Վանեցյանը նույնիսկ հայտարարել է, որ ի սկզբանե հերքել է:

Պետք է նշել նաև, որ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչներն արդեն իսկ ներկայացրել են որոշ ապացույցներ, առ այն, որ պատասխանողի կողմից կատարված հրապարակային հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։

Արդյո՞ք խախտվել է անմեղության կանխավարկածը: Սեդրակ Քոչրայանի ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանն ասել է․

«2018 թվականի սեպտեմբերի 11-ին հայտնի մամլո ասուլիսի ընթացքում Արթուր Վանեցյանի կողմից կատարված հայտարարությունները արտացոլվել են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2019 թվականի փետրվարի 19-ի տարածած հաղորդագրության մեջ։ 2019 թվականի ապրիլի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել է, որ վերընշված ԱԱԾ-ի հաղորդագրությունը խախտում է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։

Հետևաբար, մամլո ասուլիսի ընթացքում հրապարակայնորեն հնչեցված արտահայտություններով արդեն իսկ խախտվել էր Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, այսինքն, այդ արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործության մեջ, անմեղ է համարվում, մինչև որ նրա մեղավորությունը չապացուցվի օրենքին համապատասխան։ Նախադեպային իրավունքը սահմանում է, որ տվյալ սկզբունքի նպատակն է ապահովել արդար դատաքննությունը, զերծ պահելով այն գործի հետ սերտորեն կապված որևէ հրապարակային հայտարարություններից:

Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է նաև, որ տեղեկատվության չթույլատրված բացահայտումը, որը կարող է խախտել անձի անմեղության կանխավարկածը հանդիսանում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքի խախտում»։

Փաստաբանը կարծում է, որ դատարանը կտա այնպիսի գնահատական, որը համահունչ կլինի Հայաստանի կողմից ստանձված միջազգային պարտավորություններին և ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին`արդար դատաքննության իրավունքի և անձնական իրավունքի պաշտպանության վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ