17  04  2019

Քրեական հետապնդման ենթարկվող գեներալները․ News.am

Քրեական հետապնդման ենթարկվող գեներալները․ News.am

News.am-ը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում 7 գեներալ է քրեական հետապնդման ենթարկվում, ընդ որում 4-ը՝ բանակի գեներալներ։ Տարբեր քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող գեներալներից միայն մեկն է գտնվում կալանքի տակ, երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, մեկի նկատմամբ՝ գրավը, իսկ գեներալներից երեքն էլ այժմ գտնվում են հետախուզման մեջ։

Այսպես.

Միքայել Հարությունյան

ՀՀ պետական և ռազմական գործիչ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ունի գեներալ-գնդապետի կոչում (2002թ.)։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել միջազգային հետախուզում։ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է և ըստ ռուսական լրատվամիջոցների ՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է:

Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում է շնորհվել 2007 թ. մայիսին` ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Սեյրան Օհանյանը մեղադրյալի կարգավիճակ ունի 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող գործով։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։ Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Յուրի Խաչատուրով

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը նույնպես մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար։

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ. հուլիսի 26-ին։ Երկու օր անց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին եւ օրեր անց վերադարձել Հայաստան։

Վահագն Հարությունյան

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ունի արդարադատության գեներալ-մայորի կոչում։ Նրան այդ կոչումը 2015-ի սեպտեմբերին շնորհել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Նրա նկատմամբ նույնպես հայտարարված է միջազգային հետախուզում։

2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց, որը սակայն փետրվարի 6-ին վերաքննիչ դատարանը բեկանեց և գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան նոր քննության։

Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Մանվել Գրիգորյան

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն ունի գեներալ-լեյտենանտի կոչում։ Նա միակ գեներալն է, որ ներկայումս գտնվում է անազատության մեջ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Գրիգորյանն առողջական խնդիրների պատճառով այժմ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ Նրա պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ։ Մանվել Գրիգորյանի գործով նախաքննությունն ավարտվել է։

Լևոն Երանոսյան

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն ունի գեներալ-մայորի կոչում։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ քննության տվյալների՝ 2018թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ Երևանում անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ տարբեր անձինք մարմնական վնասվածքներ են ստացել հենց Լևոն Երանոսյանի գործողությունների հետեւանքով։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եղել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև՝ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նրա վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։

Միհրան Պողոսյան

ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, Քեթրինի Միհրան անունով հայտնի գործարար Միհրան Պողոսյանն ունի արդարադատության գեներալ-մայորի կոչում։ Նա մեղադրվում է օֆշորային մեքենայությունների համար։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։

Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պողոսյանի գրասենյակի ներկայացուցիչները, սակայն հայտարարում են, որ Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակում առաջին իսկ օրվանից տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։

Վերը նշված բոլոր նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընդունում առաջադրված մեղադրանքները:

Նշենք, որ ներկայումս տարբեր քրեական գործերով անցնում են նաև երկու այլ գեներալներ՝ ՀՀ նախկին ոստիկանապետեր Ալիկ Սարգսյանը և Վլադիմիր Գասպարյանը։

Ոստիկանության գեներալ-լեյտենանտի Ալիկ Սարգսյանի անունը շոշափվում է ՀՔԾ–ում քննվող առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով։ Արդյոք այս գործով դատավարական կարգավիճակ ունի նախկին ոստիկանապետը, հայտնի չէ։

ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անվան հետ կապված՝ հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախկին ոստիկանապետն ունի վկայի կարգավիճակ։

Քննության տվյալների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ ոստիկանության նախկին պետը (խմբ. այդ ընթացքում պաշտոնավարել է Վլադիմիր Գասպարյանը), իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խոստացել է միջամտել եւ օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղեւորափոխադրումներին առնչվող խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս խորհրդարանական ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Ի դեպ՝ Հայաստանում գեներալ-գնդապետի զինվորական կոչում ունեն ընդամենը 4 զինվորականներ՝ Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Մովսես Հակոբյանը։ Նրանցից քրեական հետապնդման չի ենթարկվել միայն Մովսես Հակոբյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ