16  04  2019

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը դիմել դատարան, և ի՞նչ պետք է անի Սիլվա Համբարձումյանը



Գործարար Սիլվա Համբարձումյանը, եթե դատարանում հրապարակայնորեն հերքի  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին արված զրպարտչական բնույթի տեղեկությունները, հայցվոր կողմը կքննարկի հայցի դրամական մասից հրաժարումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը 2018 նոյեմբերի 2–ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասել էր․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ Հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին․․․»։ Հետո Համբարձումյանը հերքել էր հայտարարությունը։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել նրան։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, ապրիլի 16-ին անցկացրեց նախնական դատական նիստ և հետաձգեց մինչև սեպտեմբերի 26-ը։ Սիլվա Համբարձումյանն ու նրա ներկայացուցիչը չէին ներկայացել նախնական դատական նիստին: Պատասխանողը պատշաճ ծանուցված չէ դատական նիստի օրվա և ժամի մասին:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցեները՝ պատշաճ ծանուցելու համար: Դատարանը որոշեց, որ դա կարող է անել 5 ամսում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ