05 04 2019

Դատարանը մեզ հնարավորություն չի տալիս պատշաճ պաշտպանվել․ Արամ Օրբելյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը բողոքարկելու վերաբերյալ հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 9-ին՝ ժամը 14:30-ին: Ապրիլի 5-ի նիստում պաշտպանական թիմը բողոքները ներկայացրել է դատարանին։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն անդրադարձավ պաշտպանական թիմի հիմնավորումներին և պատասխանեց լրագրողների հարցերին: Նա, մասնավորապես ասաց. «Բողոքի ներկայացումներն են ավարտվել, քննարկումը դեռ պետք է շարունակվի: Պարոն Ռոբերտ Քոչարյանը ներկա էր, չի հասցրել խոսել, իր դիրքորոշումը որոշ հարցերով ներկայացրեց, բայց հիմնական ելույթը հավանաբար կլինի ապրիլի 9-ին:

Առաջին ատյանում բարձրաձայնել ենք մի շարք հարցեր, որոնք դատարանը ընդհանրապես չի անդրադարձել, և մեզ հնարավորություն չի տալիս պատշաճ պաշտպանվել:

Անկյունաքարային հարց է, որպեսզի մեղադրյալը իմանա ինչի համար են իրեն մեղադրում, սա ամենասկզբից մեզ համար պարզ չէ: Ես իմ փորձից կարող եմ ասել, որ միշտ, երբ որ գործը թույլ է, արգումենտներ չունի, փորձում են խառը ինչ-որ բաներ լցնեն իրար վրա: Չի կարող գոյություն ունենալ այնպիսի նյութ, որ Ռոբերտ Քոչարյանը 2008-ին տապալել է սահմանադրական կարգը, որովհետև 2008-ին սահմանադրական կարգը չի տապալվել:

Եթե մենք խոսում ենք այն մասին, որ անձը չի կարող օգտվել անձեռնմխելիությունից, ապա այդպես խախտվում է անձեռնմխելիության ինստիտուը:

Մեկ այլ հարց, որը բարձրաձայնել ենք, 300.1 հոդվածի կիրառելիությունն է: Պատկերացնենք 2008 թվականաի մարտին հարուցված գործում որպես մեղադրյալ ներգրավվել է նաև Ռոբերտ Քոչարյանը, կար 7-ի գործ, կար նաև Ռոբերտ Քոչարյանի գործ: 2009 թվականին օրենքը փոխվում է․ ձեր կարծիքով եթե 7-ի գործը կարճվում է, ապա Ռոբերտ Քոչարյանի գործը չի՞ կարճվելու: Իհարկե՝ կարճվելու է:

Ցուցմունքներին չեմ կարող անդրադառնալ, նախաքննական գաղտնիքի բացահայտման ռիսկ կա, որովհետև մեկ էլ տեսաք ՀՔԾ-ի մտքով անցնի խուզարկություն անել մեր գրասենյակում»:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է: Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը սկսվել է ապրիլի 4-ին:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ