04  04  2019

Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց



Վերաքննիչ քրեական դատարանում hետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Նիստը կշարունակվի ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին։

«Վաղը ես կշարունակեմ ու կավարտեմ բողոքս ներկայացնելը, որից հետո դեռ երեք բողոք էլ կա պաշտպանական խմբի կողմից», - ասաց մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ հետո իրենք կներկայացնեն իրենց առարկությունները դատախազության բողոքի վերաբերյալ, իսկ դատախազությունն էլ կներկայացնի իր առարկությունները. «Որից հետո, հավանաբար, պարոն Քոչարյանը եթե լրացնելու բան ունենա, կլրացնի», - նշեց Հայկ Ալումյանը։

Պաշտպանն ասաց, որ դատախազները ներկայացրեցին իրենց բողոքն ամբողջությամբ, իսկ ինքը հասցրեց ներկայացնել իր վերքաննիչ բողոքի մոտավորապես 40 տոկոսը:

Հարցին, թե ինչ հիմնավորումներ է ներկայացրել դատախազությունը պաշտպանն ասաց. «Դատախազությունն իր բողոքը ներկայացրեց, իսկ թե իրավունք ունի՞ ներկայացնել բողոք, թե՝ չէ, մեր առարկությունները կներկայացնենք վաղը և հավանաբար դատարանը դրա շուրջ քննարկում կկազմակերպի: Դատախազության բողոքը վերաբերվում էր նրան, որ դատախազությունը համաձայն լինելուվ Առաջին ատյանի դատարանի որոշման եզրափակիչ մասին պահանջել է, որպեսզի պատճառաբանական մասի որոշ հատվածներ վերաքննիչ դատարանը վերանայի, մասնավորապես այն մասը, որ բացակայում է հիմնավոր կասկած առ այն, որ պարոն Քոչարյանը կատարել է 311-րդ հոդվածով նախատեսված արարք՝ կաշառք: Նաև դատարանը գրել էր, որ բացակայում են նյութեր, որոնք հիմք տային ենթադրելու, որ մնալով ազատության մեջ պարոն Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից: Հիմա դատախազությունը վիճարկում է Առաջին ատյանի դատարանի որոշման այս երկու դրույթները: Վիճարկում է որոշման պատճառաբանական մասի այս հատվածներն ինչի իրավունքը չունի»,- ասաց Հայկ Ալումյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ