27 02 2019

Ինչպե՞ս է արձագանքել Ռոբերտ Քոչարյանը կաշառքի վերաբերյալ մեղադրանքին



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Հայտնի է, որ 76 հատորից է բաղկացած գործին ծանոթանալու համար փաստաբաններին տրվել 50-օրյա ժամկետ: Սեղմ չե՞ն արդյոք ժամկետները, հասցրե՞լ են փաստաբանները` գոնե ինչ-որ չափով ծանոթանալ գործի նյութերին, «Իրավունք»-ը հետաքրքրվել է Քոչարյանի պաշտպանական խումբը ներկայացնող փաստաբան Հովհաննես Խուդոյանից, ով նկատեց.

«Ներկայացված ժամկետը նպատակ է հետապնդում` սահմանափակել պաշտպանների հնարավորությունները»

- Այո, ժամկետներն իսկապես սեղմ են: Կա ձևավորված փորձ բոլոր քրեական գործերով: Այն է` փաստաբաններին տրվում է 1 հատոր գործի նյութերին ծանոթանալու համար (շուրջ երեք հարյուր էջ)` մեկ աշխատանքային օր: Նշված տրամաբանությունից ելնելով, մենք խնդրել ենք տրմադրել 76 աշխատանքային օր, ինչը էլի քիչ է: Որովհետև սա գեղարվեստական գրքի ընթերցանության գործընթաց չէ, մենք պետք է ամբողջությամբ հետազոտենք առկա ապացույցները` ինչպես իրենց բովանդակությամբ, այնպես էլ` ձևով: Օրինակ` վկայի հարցաքննության արձանագրության մեջ մենք ոչ միայն բովանդակությունն ենք կարդում, թե վկան ինչ է ասել, այլ նայում ենք, թե որ օրն է վկան հարցաքննվել, որ քննիչն է իրեն հարցաքննել և այլն: Այսինքն, բավականին շատ ինֆորմացիա պետք է մշակվի:

Ներկայացված ժամկետը ակնհայտ կարճ է, և նպատակ է հետապնդում` սահմանափակել պաշտպանների հնարավորությունները: Չնայած, դա մեզ համար նորություն չէ, այդ վերաբերմունքը տեսել ենք պարբերաբար:

- Ինչպե՞ս կգնահատեք նախաքննության ընթացքը:

- Նախաքննությունը, սկսած 2018 թվականի հունիսի 3-ից, երբ 300.1 հոդվածով քրեական գործ հարուցվեց, ընթացել է օրենքի պարբերական և ակնհայտ կոպիտ խախտումներով: Կայացվել են մի շարք ապօրինի դատավարական որոշումներ, կայացվել են որոշումներ, և կատարվել են գործողություններ, որոնք հերիք չէր որ ապօրինի էին, այլ նաև` անգամ անհրաժեշտ էլ չէր վարույթն իրականացնող մարմնին: Դա ցույց է տալիս իրենց վերաբերմունքը:

- Երկար ժամանակ խոսվում էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննելու անհրաժեշտության մասին: Հիմա դա կայացած փաստ է: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը: Ի՞նչ ցուցմունք է տվել Տեր-Պետրոսյանը:

- Բովանդակությունը, բնականաբար, չեմ կարող հրապարակել: Բայց հենց ծանոթացանք այդ ցուցմունքի բովանդակությանը, ամրապնդվեց այն համոզմունքը, որ մինչ այդ ձևավորվել էր: Այն էր, որ իրականում լուրջ նպատակ չի հետապնդել Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը, և ուղղակի արվել է` անելու համար: Առաջադրված հարցերի բովանդակությունից, տրամաբանությունից ակնհայտ է դառնում, որ իրականում միակողմանի է գործի քննությունը տարվում` ընդդեմ պարոն Քոչարյանի:

- Կա նաև տեսակետ, որ դատարանն ուղղակի իշխանության քաղաքական հրահանգն է կատարել` կալանավորելով նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Շատերը նրան համարում են քաղբանտարկյալ: Կա՞ն այնպիսի հիմնավորումներ, որոնկ կվկայեն, որ պարոն Քոչարյանը քաղբանտարկյալ է:

- Հիմնավորումները բազմաթիվ են, այդ թվում` հրապարակային հայտարարությունները և այլն: Բայց ընդամենը եթե առանձնացնենք երկուսը, դրանք առավել քան բավարար ենª այդ փաստը հաստատված համարելու համար:

Վերցնենք առաջադրված մեղադրանքը: Որ իրավաբանորեն սխալ էր այդ հոդվածով մեղադրանք առաջադրելը, հիմնավորումներ բազմիցս ներկայացրել ենք: Այդ թվում, որ նույն հոդվածով դեռևս 2009 թվականին գլխավոր դատախազությունից յոթի գործով մեղադրանքից հրաժարվել են: Այսինքն, մենք ունենք տարբերակված մոտեցում, որին եթե ավելացնենք նաև հայտնի հեռախոսային խոսակցությունները, արդեն իսկ ակնհայտ է դառնում պարոն Քոչարյանի կարգավիճակըª որպես քաղաքական բանտարկյալ:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք ՄԻԵԴ ուղարկված բողոքից:

- Ի սկզբանե նշել ենք, որ ՄԻԵԴ-ում հասնելու ենք հաջողության, որովհետև խախտումները ակնհայտ են: Վստահ ենք, որ արդյունքի հասնելու ենք, խնդիրը միայն ժամկետների մեջ է:

- Մամուլում անդրադարձ է կատարվել, որ Զեյնալյանը հանդիպել է մեկուսարանում պարոն Քոչարյանի հետ, որը սակայն ո°չ հաստատեց, ո°չ հերքեց նախարարը լրագրողների հետ զրույցում: Ի վերջո եղե՞լ է հանդիպում, թե` ոչ:

- Ես կնախընտրեմ այդ հարցին չպատասխանել: Նախարարը իր գործառույթներն է կատարում: Կարող է այցելել ՔԿՀ-ներ, հանդիպումներ ունենալ կալանավորված և դատապարտված անձանց հետ:

- Այսինքն` Դուք ևս ո՜չ հերքում եք, ո՜չ հաստատում:

- Կարելի է ասել` այո:

- Նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաններից ովքե՞ր են ցանկություն հայտնում` հնարավորության դեպքում տեսակցել Քոչարյանին:

- Նման ցանկության մասին անձամբ փաստաբանական թիմին որևէ մեկը չի դիմել բարձրաստիճան պաշտոնատար անձանցից: Պարոն Քոչարյանին հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան պարոն Թաթոյանը:

- Փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է երկրորդ մեղադրանքը` առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Անմիջապես հետո տեղեկություն տարածվեց, որ մեղադրանքի հիմքում ընկած է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքը: Ով, սակայն, լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ զարմանում է, թե ինչու է իր անունը կապվում Քոչարյանի նոր մեղադրանքի հետ: Փաստելով, որ անձամբ Ռոբերտ Քոչարյանին կաշառք չի տվել, և նրա դեմ ցուցմունք չի տվել, նրա հետ չի առերեսվել: Ուրեմն ի՞նչն է ընկած մեղադրանքի հիմքում:

- Մեղադրանքի այդ մասը դեռևս բավարար չափով չենք ուսումնասիրել նաև այն մասով, որ ի սկզբանե բացառում ենք, որ որևիցե փաստական կամ իրավական հիմք կարող է ունենալ այդպիսի մեղադրանքը: Այդ մասով որևէ խնդիր չենք տեսնում: Թեպետ նույն վերաբերմունքը ունենք նախորդ մեղադրանքի մասով, որը կրկին անհիմն է: Սակայն այս դեպքում, կարծում եմ, որ որևէ մեկը չի կասկածում, որ այդ մեղադրանքը անլուրջ է: Եվ ՀՔԾ-ն այդ գործողությամբ ավելի անլրջացրեց մինչ այդ ձևավորվող վերաբերմունքը գործի նկատմամբ:

- Այսինքն` կարող ենք եզրակացնել, որ ՀՔԾ-ն հասկանալով, որ սահմանադրական կարգի տապալման հետ կապված մեղադրանքը` ինչպես հայտնի գաղտնալսումներում է ասվում, իսկապես ՙջուր է՚, դրա համար առաջադրվեց երկրորդ մեղադրանքը:

- Ամեն դեպքում ՀՔԾ-ն և Գլխավոր դատախազության դատախազների վերաբերմունքը հաշվի առնելով` բավականին ջանքեր են գործադրելու, փորձելով ներկայացնել իրենց դիրքորոշումը և, որ մեղադրանքը հիմնավոր է: Ես ունեմ կարծիք, թե ինչու է կաշառքի մասով հոդվածը ավելացվել: Որովհետև որոշակի դատավարական ակնհայտ խախտումներ կային, որոնք կարող էին մեղմացվել միայն այն դեպքում, երբ ֆինանսական որևիցե խնդրի հետ կապված որևիցե մեղադրանք առաջադրվեր` դա իմ անձնական կարծիքն է:

- Նախաքննական մարմինը կոնկրետ ի՞նչ գործողություններ է վերագրում Ռոբերտ Քոչարյանին, որով, ենթադրաբար, պետք է հիմնավորվի, որ նա կաշառք է վերցրել:

- Առ այսօր մենք ինքներս մեզ համար չենք բացահայտել այն գործողությունները, որով ՀՔԾ-ն կարծում է, որ պարոն Քոչարյանը կատարել սույն գործողությունը: Դա վերաբերում է ոչ միայն կաշառքի դրվագին, այլ նաև Սահմանադրական կարգը տապալելու դրվագին:

Սկսած 2018 թվականի հունիս ամսից մենք պարզ հարց ենք առաջ քաշում. թվարկեք այն գործողությունները, որոնք կատարել է պարոն Քոչարյանը, և մեղադրանքը առ այսօր մեզ համար հստակ չէ: Մեղադրանքը առաջադրելիս ես ներկա եմ եղել, պարոն Քոչարյանի համար զավեշտ է նման մեղադրանքի առաջադրումը:

Իլոնա Ազարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ