19 02 2019

Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին. 168.am

Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին. 168.am

168.am-ը գրում է. «Ինչպես քիչ առաջ տեղեկացանք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ իր անմեղության կանխավարկածը կոպտագույն կերպով խախտելու պատճառով։ Մոտ օրերս Սեդրակ Քոչարյանի փաստաբանները համապատասխան հայցով կդիմեն դատարան և այդ կապակցությամբ հանդես կգան հայտարարությամբ։

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով։ Գործը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում։ Սեդրակ Քոչարյանը երեկ հարցազրույց էր տվել երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքին՝ 2rd.am-ին, և հայտարարել.

«ԱԱԾ-ն ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում»։ «Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը»,- ասել է Ս. Քոչարյանը։

Իսկ այսօր ԱԱԾ քննչական դեպարտամենտը հանդես էր եկել հայտարարությամբ,  որում ներկայացնում էին քննվող քրեական գործի շրջանակներում իրենց պարզաբանումները՝ նշելով, որ Ս. Քոչարյանի և այլ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Նույն հաղորդագրության մեջ նաև ասվում էր. «Սեդրակ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների բազմաթիվ անշարժ գույքերի և այլ ակտիվների ձեռք բերման օրինականությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ քննչական գործողություններ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ