18  02  2019

Արդարադատության նախարարությունը՝ Մհեր Եղիազարյանի մահվան վերաբերյալ

Արդարադատության նախարարությունը՝ Մհեր Եղիազարյանի մահվան վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am»-ի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի վերաբերյալ:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2019թ. հունվարի 26-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ կապված նույն օրը լուրերով տարածված Մ. Ե.-ի մահվան հանգամանքի հետ:

Այցելության ժամանակ Խմբի անդամները պարզել են, որ Մ.Ե.-ն 44 օր գտնվել է հացադուլի մեջ, 2019թ. հունվարի 17-ին դուրս է եկել հացադուլից և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս, որտեղ հունվարի 26-ին մահացել է:

Խմբի անդամները նաև պարզել են, որ հիմնարկում բժիշկները հերթապահում են միայն աշխատանքային օրերին և ժամերին: Հունվարի 26-ին՝ Մ.Ե.-ի մահվան օրը, հիմնարկում չի եղել ոչ բժիշկ, ոչ բուժակ (Խմբի անդամների այցելության ժամանակ նույնպես բուժաշխատող չի եղել):

Դեպքի օրը Մ.Ե.-ի խցակիցը, հայտնաբերելով, որ վերջինիս առողջական վիճակը վատացել է, հրավիրել է հսկիչին, շտապ օգնություն են կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ Մ.Ե.-ն ունեցել է 2-րդ կարգի հաշմանդամություն և սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Խմբի անդամները հարցը քննարկել են հերթափոխի պետի հետ, սակայն վերջինս նշել է, որ մանրամասներից տեղյակ չէ:

Արձանագրված դեպքի և հանգամանքների կապակցությամբ Խումբը հունվարի 29-ին դիմել է ՀՀ ԱՆ՝ բարձրացնելով իր մտահոգությունները:

Մասնավորապես, Խումբը նշել է, որ հիմնարկում հերթապահ բուժաշխատողի բացակայությունն արդեն հանդիսանում է լուրջ խնդիր, հնարավոր է, եթե տեղում լիներ բուժաշխատող, ապա կարող էր հրատապ առաջնային օգնություն ցուցաբերվել և անձը փրկվեր:

Մյուս մտահոգությունը կապված է եղել նրա հետ, որ հիմնարկը, տեղյակ լինելով Մ.Ե.-ի առողջական վիճակից, չի կանխատեսել, որ հացադուլի պատճառով այդ առողջական խնդիրները կարող են սրվել և քայլեր չի ձեռնարկել վերջինիս հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ այն էլ այն դեպքում, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հերթապահ բժիշկներ չկան:

Խումբը այցի ժամանակ պարզել է նաև, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի միջանցքներն երեկոյան ժամերին ընդհանրապես չունեն էլեկտրական լուսավորություն և այնտեղ տեղաշարժվելու համար աշխատակիցները օգտագործում են իրենց հեռախոսների լուսավորությունը:

Ըստ այդմ Խմբի կողմից առաջարկվել է հաշվետվության մեջ բարձրացված հարցերը դարձնել քննարկան առարկա, տեղեկացնել Մ. Ե.ի մահված պատճառի մասին, քայլեր ձեռնարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բուժաշխատողի շուրջօրյա հերթապահություն կազմակերպելու ուղղությամբ և լուծել հիմնարկի բուժմասի միջանցքների լուսավորության հարցը:

2019 թվականի փետրվարի 14-ին ստացված պատասխան գրությամբ ՀՀ ԱՆ-ից տեղեացրել են, որ Մ. Ե.-ի մահվան դեպքի առիթով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2019 թվականի հունվարի 29-ին հարուցվել է թիվ 1201919 քրեական գործը, որի շրջանակներում առգրավվել են հանգուցյալի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերի բնօրինակները և ռենտգեն հետազոտության ժապավենները:

Նախարարության կողմից նշվել է, որ, հաշվի առնելով դեռևս ընթացքի մեջ գտնվող նախնական քննության իրականացման հանգամանքը՝ ներկայումս նպատակահարմար չէ Մ. Ե.-ի մահվան դեպքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրելը:

Հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի թափուր հաստիքների համալրման առնչությամբ նշվել է, որ այդ ուղղությամբ մշտապես տարվում են համապատասխան աշխատանքներ:

Ինչ վերաբերում է հիմնարկի հիվանդանոցային տեղամասի միջանզքի լուսավորությանը, ապա հայտնել են, որ քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, հիմնարկի հիվանդանոցային տեղամասի միջանցքի բոլոր լամպերը գտնվում են սարքին վիճակում և լուսավորումն ապահովված է:

ՀՀ ԱՆ կողմից տրամադրվել է նաև գրությամբ Խմբի կողմից պահանջված «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի հաստիքային ցուցակը:

Խումբը բազմիցս բարձրացրել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում տրամադրվող բուժսպասարկման խնդիրների հարցը: Ընդունելով դեպքի կապակցությամբ ընթացող նախաքննության ընթացքի գաղտնիությունը՝ միևնույն ժամանակ պետք է նշել, որ ՔԿՀ-ներում բուժսպասարկման որակն ու հասանելիությունը, ներառյալ բժշկական հաստիքների ամբողջությամբ համալրումը առաջնային խնդիր է, ինչի ցանկացած բացթողում կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի, Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ