07 02 2019

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. Պաշտպանները դիմում են եվրադատարան և վճռաբեկ



ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և անփոփոխ թողեց կալանքի ժամկետը երկարաձգելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Այս գործով մեզ համար ամեն ինչ արդեն սպասելի է, անգամ՝ այսպիսի որոշումներ։ Այս որոշումը գնահատում եմ բացասական  և համարում եմ, որ այս որոշման մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի։ Այս որոշումը հարյուր տոկոսով քաղաքական բնույթի որոշում է, քաղաքական պատվերի շրջանակներում կայացված։ Իրավաբանությունն այս որոշման մեջ հավասար է զրոյի»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

«Պրոցեսն ընթանում էր հավասարության սկզբունքի հիման վրա, դատավորն ընտրվել էր օրինական ճանապարհով, վիճակահանության հիմքով։ Որոշումը, որը կայացվեց, բացարձակապես իրավաբանության հետ որևէ առնչություն չունեցող որոշում էր։ Որևէ անաչառ իրավաբան, եթե նայի այն,  ինչ ներկայացված է եղել մեր վերաքննիչ բողոքում, առնվազն մի 10 առանձին հիմք կգտնի, որոնցից յուրաքանչյուրը բավարարար էր, որպեսզի այսօր պարոն Քոչարյանն ազատ արձակվեր։ Պարոն Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման»,- հավելեց փաստաբանը։

Նա հայտնեց, որ որոշումը բողոքարկելու են․ «Հերթական անգամ, հերթական բողոքն է գնալու Եվրադատարան, զուգահեռաբար՝ վճռաբեկ դատարան։ Սա այն որոշումն է, որ հնարավոր չէ որևէ խելամիտ փաստարկ բերել և հերքել Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը»։ 

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։Նաև Եվրոպական դատարան մեր ներկայացրած դիմումի մեջ մենք այդ մասին որոշակի նշում ենք»,- ասաց փաստաբանը։ 

Հայկ Ալումյանն ասաց, որ այս պահին Սահմանադրական Դատարան երկու դիմում կա ներկայացված, որի վերաբերյալ պատասխան չկա, կա վճռաբեկ բողոք ներկայացված, որի վերաբերյալ դեռ որոշում չկա։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունքներին, փաստաբանն ասաց․ «Ցուցմունքների բովանդակության մեծամասնության հետ մենք համաձայն ենք։ Եթե սրաք են այն առավելագույն ցուցմունքները, որ պետք է Ռոբերտ Քոչարյանի դեմ դատարանում օգտագործվեն, ապա մենք կուզեինք, որ այդ  դատավարությունը շուտ լիներ, և դուք շուտ տեսնեիք այդ ամենը։ Կա ցուցմունք, որի մեջ կա որոշակի մի հատված, որը հակասության մեջ է շատ ուրիշ ապացույցների հետ, որը, մեր գնահատմամբ, իրականությանը չի համապատասխանում։ Եվ այդ մարդն այդ ցուցմունքից հետո բավականին մեծ պաշտոնի բարձրացում է ունեցել։ Շնորհավորում եմ իրեն։ Ցուցմունքը վերաբերում է 0038 հրամանին նախորդող իրադարձություններին»։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու՝ փաստաբանների միջնորդությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ