14 01 2019

Հունվարի 14-ին կքննվեն Ռոբերտ Քոչարյանի գործով 2 միջնորդությունները

Հունվարի 14-ին կքննվեն Ռոբերտ Քոչարյանի գործով 2 միջնորդությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ գործը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը ևս հունվարի 12-ին ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ հերթապահ չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:

Այժմ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ