11 01 2019

Արմեն Գևորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց

Արմեն Գևորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով վերաքննիչ բողոքների` հունվարի 11-ին նշանակված քննությունը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա մինչև հունվարի 17-ը։

Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստը չկայացավ այն պատճառով, որ պաշտպանական կողմը դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չէր ստացել։

«Մենք չէինք ստացել բողոքի օրինակը և հնարավորություն չէինք ունեցել նաև գրավոր առարկություն պատրաստելու համար։ Դատարանից խնդրեցինք դատական նիստը հետաձգել, վերաքննիչ բողոքը տրամադրել, որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա։ Հաջորդ դատական նիստը կկայանա մինչև հունվարի 17-ը՝ ժամը 12։00-ն։ Այդ ժամանակ մենք հանդես կգանք դատախազության կողմից ներկայացված բողոքի հարցով մեր առարկություններով, որից հետո մենք կներկայացնենք մեր վերաքննիչ բողոքը»։

Պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի մանրամասներին անդրադառնալով՝ փաստաբանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով հաստատել է, որ հիմնավոր կասկած առկա չէ, այսինքն՝ Արմեն Գևորգյանն առնչություն չունի իրեն վերագրվող հանցագործությունների հետ։ «Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, թեև հաստատել է հիմնավոր կասկածի առկայությունը, սակայն դատարանը նշել է, որ կալանավորման հիմքեր առկա չեն»։

Ելնելով քննության գաղտնիության սկզբունքից՝ փաստաբանը նշեց, որ չի կարող հայտնել, թե ինչ ապացույցներ են ներկայացվել նախաքննական մարմնի կողմից փողերի լվացման գործով։

Էրիկ Ալեքսանյանը նաև նշեց, որ մեղադրանքը փոփոխելուց հետո և առաջին ատյանի կողմից քննիչի ներկայացված կալանավորման վերաբերյալ միջնորդությունը մերժելուց հետո առ այսօր ոչ մի քննչական և դատավարական գործողություն Արմեն Գևորգյանի մասնակցությամբ չի կատարվել՝ հավելելով, որ չի կարող ասել, թե ինչու։

«Մեր դիրքորոշումը հստակ է․ Մենք խնդրել ենք վերաքննիչ քրեական դատարանին, որպեսզի օրինական ուժի մեջ թողնի առաջին ատյանի կողմից կայացված դատական ակտը։ Դրանով, ըստ էության, փաստվում է, որ մենք մեր համաձայնությունն ենք հայտնում կայացված դատական ակտի հետ, սակայն մի պատճառաբանության՝ կոնկրետ փողերի լվացման հետ կապված մեղադրանքի վերաբերյալ, մեր անհամաձայնությունն ենք հայտնել»,- նշեց Արմեն Գևորգյանի փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ