10 01 2019

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկի պատճառներին։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարել է ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, որը ներկայացվել էր դատախազների և քննիչի կողմից: Դատարանի որոշումը հունվարի 10-ին տրամադրվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին:

Որոշման հիմքում դատարանը դրել է այն, որ Ռոբերտ Քոչարյանին և «Մարտի 1»֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել միևնույն գործի շրջանակներում և քանի որ դատավոր Բաղդասարյանը նախկինում Վահագն Հարությունյանի գործով ինքնաբացարկ է հայտնել, ապա պետք է ինքնաբացարկ հայտնի նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով:

Միևնույն ժամանակ որոշման մեջ նշվում է, որ այդ հանգամանքների առկայությունը չի խոչընդոտում նախագահող դատավորին՝ գործով անկողմնակալ լինելու առումով, սակայն հաշվի առնելով, որ դրանք արդեն իսկ ողջամիտ կասկած են հարուցել տվյալ նախագահող դատավորի անկողմնակալության մեջ /այդպիսի կասկած հայտնել են միայն դատախազները և քննիչը/, ուստի այդ հանգամանքների առկայության պայմաններում միջնորդության քննության արդյունքում կայացած ցանկացած որոշում (բավարարման կամ մերժման) անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել դատավորի անկողմնակալության և անաչառության մեջ:

Դատավոր Բաղդասարյանը գտել է նաև, որ իր կողմից ինքնաբացարկ հայտնելն ու միջնորդությունն այլ դատավորի վարույթ փոխանցելը չի կարող հանգեցնել որևէ բացասական հետևանքի»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ