09 01 2019

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառման միջնորդությունը միջանկյալ միջոց է. պաշտպան



Մենք ընդհանրապես գտնում ենք, որ պարոն Քոչարյանը հիմա պետք է կալանքի տակ չգտնվեր, բայց քանի որ դիմել ենք Վճռաբեկ դատարան և դեռ պարզ չէ, թե Վճռաբեկը երբ այդ հարցին լուծում կտա, այսպես կարելի է ասել, սա միջանկյալ միջոց է մեր կողմից, դիմել առաջին ատյանի դատարան, որ առայժմ գրավ կիրառվի, մինչև մնացած հարցերը դատարանում իրենց լուծումը կստանան: Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը:

Նշենք, որ պաշտպանները հունվարի 9-ին դիմել են սահմանադրական դատարան:

Խոսելով Սահմանադրական դատարան դիմելու մասին փաստաբանը մանրամասնեց. «Սահմանդրական դատարան դիմում են, եթե գտնում են, որ օրենքը հակասում է սահմանադրությանը: Տվյալ դեպքում մենք նկատի ունենք, որ Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը կիրրառել էր Քրեական օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասը: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու երկու հիմք կա, երկուսն էլ այս դեպքում կիրառելի չէին: Առաջին հիմքը նա է, որ Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունում, եթե օրենքի միատեսակ կիառության խնդիր կա, այսինքն վճռաբեկը պետք է մի որոշում կայացնի, որով օրենքի բազմատեսակ մեկնաբանություններին վերջ տա ու սահմանի, որ այս օրենքն այսուհետ պետք է այսպես կիրառվի: Խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի անձեռնամխելիության մասին է, բայց անձեռնմխելիությունը սահմանված չէր օրենքով, այդ մասին օրենքում ընդհանրապես բան ասված չէ:

Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը սահմանադրության մեկնաբանության խնդիր էր, և Վճռաբեկը չէր կարող վարույթ ընդունել, այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է մեկնաբանել սահմանադրությունը, այնինչ այդպես վարվեց: Երկրորդ հիմքը, որով կարելի է վճռաբեկ վարույթ ընդունել, այն է, երբ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, այս դեպքում մի կողմից մարդու ազատության իրավունքն է, մյուս կողմից՝ պետության շահը, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակավորապես գտնվի անազատության մեջ: Հիմա Վերաքննիչ դատարանը գտել էր, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքը գերակա է: Երբ դատախազությունը բողոք է բերում սրա դեմ ու վճռաբեկ բողոքը պատճառաբանում է նրանով, որ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, ստացվում է աբսուրդ, որովհետև պետության կողմից բողոք բերելը չի կարող պատճառաբանվել նրանով, որ առկա է մարդու իրավունքի խախտում: Տվյալ դեպքում մի կողմում պետության իրավունքն էր, մյուս կողմում՝ մարդու: Վճռաբեկ դատարանը կիրառեց այնպես, որ այդ օրենքը սկսեց հակասել Սահմանադրությանը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ