29 12 2018

Սամվել Մայրապետյանի փաստաբանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ

Սամվել Մայրապետյանի փաստաբանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին դատարանը բավարարել է Սամվել Մայրապետյանի պաշտպաններիս ներկայացրած միջնորդությունը կալանավորումը 30 միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարությունից:

Դատարանի որոշման համար առանցքային նշանակություն է ունեցել Սամվել Մայրապետյանի ծանր առողջական վիճակը, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Անհամատեղելիությունը պայմանավորված է ոչ միայն նրա՝ կյանքի համար վտանգավոր բնույթի հիվանդությամբ, այլ նաև այն հանգամանքով, որ կալանավայրը անկարող է տրամադրել մասնագիտական բժշկական խնամք ու բուժում նման հիվանդությամբ տառապող կալանավորի համար, ինչպես նաև հատուկ դիետիկ սնունդ ու պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ։ Թեև այդ հանգամանքը միայն այսօր հիմք հանդիսացավ Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու համար, նշված խնդիրը կալանավորման առաջին օրից՝ հոկտեմբերի 6-ից շարունակաբար բարձրացվել է իրավասու մարմինների առջև, որը որևէ իրավական լուծում չի ստացել։ Մինչդեռ այդ ընթացքում նրա առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել՝ ունենալով անդառնալի հետևանք և նրա կյանքը դնելով իրական և անխուսափելի վտանգի առջև։ Տեղի ունեցածն ընդհամենը ապացուցում է այն ամենը, ինչի մասին բոլոր հնարավոր եղանակներով բարձրաձայվել է Սամվել Մայրապետյանի փաստաբաններիս ու բժիշկների կողմից նրա ձեռբակալման առաջին իսկ օրվանից:

Անկասկած է, որ առողջական վիճակի վանթարացման և շարունակվող կալանքի միջև առկա է ուղղակի պատճառահետևանքային կապ, և դրա պատասխանատվությունն ընկած է իշխանությունների վրա, որոնց ցուցումով Սամվել Մայրապետյանը մոտ երեք ամիս պահվել է անհարկի անազատության մեջ։ Ներկայումս Սամվել Մայրապետյանի փաստաբաններս պատրաստվում ենք գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որով վիճարկելու ենք նրա առողջությանը հասցված վնասը և խափանման միջոց կալանավորման անօրինականությունը, որոնք վերագրվում են իշխանություններին։ Սամվել Մայրապետյանի կալանավորումը 2018 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում բարձրացնում է ՀՀ սահմանադրության 27-րդ (անձնական ազատության իրավունք) և 26-րդ (խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արգելք) հոդվածներով սահմանված հիմնարար իրավունքների խախտման լուրջ հարցեր։ Առավել ցավալի է, որ շատ փաստեր հիմք են տալիս եզրակացնելու, որ վերը նշված խախտումները ունեցել են խտրական բնույթ։

Ներկայումս ստեղծվել է նոր իրավիճակ, երբ ազատության մեջ հայտնված Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության՝ կյանքի ցուցումով։ Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ <<Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան>>։ Ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է: Այն կլինիկայում, որտեղ նախկինում բուժվել է Սամվել Մայրապետյանը ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շտապ կարգով համապատասխան բուժում ստանալու նպատակով։ Ավաղ, Սամվել Մայրապետյանի անձնագիրը գտնվում է Հատուկ Քննչական Ծառայությունում: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը անուղղակիորեն նշում է, որ գրավի կիրառմամբ ազատ արձակված անձի համար անհրաժեշտ է ստանալ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը տեղաշարժի իրավունքից օգտվելու անհրաժեշտության դեպքում։ Հաշվի առնելով հարցի լրջությունը, նախօրեին շտապ կարգով դիմում ենք ներկայացրել ՀՔԾ, սակայն մինչ այս պահը որևէ պատասխան չունենք:

ՀՔԾ-ի կողմից Սամվել Մայրապետյանի՝ Գերմանիա շտապ վիրահատության մեկնելու վերաբերյալ դիմումին ընթացք չտալու յուրաքանչյուր օրը վտանգի տակ է դնում նրա կյանքը, խախտում նրա ազատ տեղաշարժվելու հիմնարար իրավունքը։ Եթե այդ խախտումների արդյունքում Սամվել Մայրապետյանի առողջությանը հասցվի անդառնալի վնաս և նրա կյանքը հայտնվի անխուսափելի վտանգի առաջ, դրա ողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ իշխանությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ