25 12 2018

Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նրա մտերիմը․ Aysor.am

Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նրա մտերիմը․ Aysor.am

Aysor.am-ին հայտնի են դարձել Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործով որոշ մանրամասներ։ Նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելը»։

Ժամանակագրությունը

Մասնավորապես, Aysor.am-ը տեղեկանում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 2015-ին է հաղորդում իրենից տվել առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու դեպքի առթիվ և իրավապահներին հայտնել, որ 2008-ին բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանն իրեն պատկանող, ինչպես նաև ըստ նախնական համաձայնության, հետագայում իրեն փոխանցվելիք կազմակերպություններին գունավոր մետաղների 10 հանքավայրում իր լիազորությունների շրջանակում ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար որպես կաշառք պահանջել ու ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար գումար։Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ 2015-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ։ 2017-ի փետրվարի 7-ին, նկատի ունենալով, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։Հետագայում ի հայտ են եկել քննության ընթացքում անհայտ, էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց հիման վրա 2017-ի նոյեմբերի 28-ին դատախազը որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին։ Նույն օրը որոշումը ուղարկվել է ՀՔԾ՝ քննություն կատարելու համար։

Քրեական գործի մանրամասները

Քրեական գործի տվյալներով հիմնավորվել է, որ 2007-ի աշնանը Սիլվա Համբարձումյանը գունավոր մետաղների հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվելու նպատակով այցելել է բնապահպանության նախարարության երկրաբանական վարչություն՝ տեղեկանալու այդ գործունեությամբ զբաղվելու ընթացակարգերին։ Այդ նպատակով հետո այցելել է Բնապահպանության նախարարության ընդերքի վարչություն, որտեղ պատահական հանդիպել է իր ծանոթին, հետաքրքրվել ոլորտով և տեղեկացել, որ հանք շահագործելու համար անհրաժեշտ է ձեռք բերել հանքերևակումների ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ և կատարել երկրաբանահետախուզական աշխատանքներ, իսկ այդ լիցենզիաները տրամադրվում են աճուրդային կարգով, որը կազմակերպում է ՀՀ բնապահպանության նախարարի ղեկավարած միջգերատեսչական հանձնաժողովը։

Սրա միջոցով ծանոթացել է բնապահպանության նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի փոխտնօրենի հետ, ով եղել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մտերիմը, ում միջոցով էլ «Հայարդնախագիծ ինտսիտուտ»-ի շենքում հանդիպել է Արամ Հարությունյանին և հայտնել հանքարդյունաբերությամբ զբաղվելու իր մտադրության մասին։

Զրույցի ընթացքում Հարությունյանն ակնարկել է, որ ուսումնասիրության լիցենզիաների ձեռք բերելու համար աճուրդի գումարից բացի, այլ գումարներ են անհրաժեշտ կոնկրետ իր պահանջած հանքերևակումների աճուրդի դնելու գործընթացը կազմակերպելու համար և հասկացրել, որ դրա համար պետք է կաշառք տա։ Խորհրդակցելով ծանոթ երկրաբանների հետ՝ որոշել է ձեռք բերել ընդհանուր 10 հանքավայրերի ուսումնասիրության լիցենզիաներ, որի մասին հայտնել է Հարությունյանին։

Քննարկումների ընթացքում պայմանավորվել են ձեռք բերել Սյունիքի մարզի Խուստուփ-Ծավի և Բերդիքարի պղինձ-մոլիբդենային հանքերևակումների, Գեղարքունիքի մարզի Ջիլի քրոմիտների, Կոտայքի մարզի Արզականի տիտանի, Սյունիքի մարզի Մերձարաքսյանի, Գյոզ-Գյոզի և Փխրուտի ոսկու, Գեղարքունիքի մարզի Թթուջոր-Ճամբարակի և Տիգրանաբերդի պղնձի, Լոռու մարզի Բարդուտի ոսկու հանքերևակումների ուսումնասիրության հատուկ լիցենզիաները։Այդ հատուկ լիցենզիաները տամադրելու համար Արամ Հարությունյանը պահանջել է 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք։

Նա հայտնել է, որ լիցենզիաները տրամադրվելու են 5 տարի ժամկետով, սակայն հետագայում դրանց ժամկետը երկու անգամ կերկարացնի երկու տարով՝ այդ կերպ հնարավորություն ընձեռելով հանքերում կատարել անհրաժեշտ ֆինանսական ներդրումներ։ Սիլվա Համբարձումյանը համաձայնել է նշված գումարի չափին և պատրաստակամություն հայտնել լիցենզիաները ձեռք բերելուն զուգահեռ՝ բանկում ունեցած իր հաշիվներից գումարներ պարբերաբար կանխիկացնել ու Հարությունյանի օգնականի միջոցով ուղարկել նրան։Փոխհամաձայնության արդյունքում 2008-ի հունվար-նոյեմբերի ամիսների ընթացքում 10 հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Սիլվա Համբարձումյանի ղեկավարած ընկերությունների տրամադրության տակ։Նույն տարվա մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Սիլվա Համբարձումյանը «ՎՏԲ-Հայաստան» բանկում իր անվամբ բացված հաշվեհամարից կանխիկացրել և Արամ Հարությունյանի օգնականի միջոցով նրան է փոխանցել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը։ Գումարի առաջին մասը՝ 600 հազար ԱՄՆ դոլարը հունվարի 29-ին բանկում կանխիկացրել է իր հաշվեհամարից և օգնականի միջոցով տվել է Հարությունյանին։ Հաջորդ օրը տեղի է ունեցել Արզականի տիտանի հանքավայրի ուսումնասիրության լիցենզիայի համար անցկացվող աճուրդը, որտեղ հաղթող է ճանաչվել Համբարձումյանի ՍՊԸ-ն։ Ապա Համբարձումյանը, ըստ պայմանավորվածության, շարունակել է մասնակցել աճուրդներին, որոնց զուգահեռ՝ Հարությունյանի օգնականի հետ այցելել են բանկ, որտեղ մարտ և ապրիլ ամիսներին երկու անգամ կանխիկացրել է 2 մլն-ական դոլար և մեկ անգամ էլ 1 մլն դոլար ու փոխանցել նրան։

Սիլվա Համբարձումյանի ընկերությունը հաղթող է ճանաչվել բոլոր աճուրդներում։ Կանխիկ գումարի վերջին մասը՝ 400 հազար ԱՄՆ դոլար Հարությունյանին ուղարկել է սեպտեմբերի վերջին, որի արդյունքում ձեռք է բերել «Հանքաբուրգ» ընկերությունը՝ Գյոզ-Գյոզի ոսկու հանքավայրի լիցենզիայով։Պահանջվող կաշառքի գումարի մյուս մասը՝ 8 մլն ԱՄՆ դոլարը Սիլվա Համբարձումյանը Արամ Հարությունյանին տվել է բանկային փոխանցման եղանակով։

Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նրա մտերիմը

Ըստ քրեական գործի տվյալների, Սիլվա Համբարձումյանն իրեն պատկանող ընկերության 100 տոկոս բաժնեմասը 2008-ի փետրվարին վաճառել է Արաբական Միացյալ էմիրություններում գործունեություն իրականացնող արաբական մի ընկերությանը։Այս գործով շոշափվում է նաև ԱՄԷ-ում մշտական բնակություն հաստատած Արաքս Դիլանյանը, որը պատրաստակամություն է հայտնել իր հաշվեհամարը տրամադրելով միջնորդել, որպեսզի Արամ Հարությունյանն ստանա գումարը։

Արամ Հարությունյանը գումարներն ստացել է իր մտերիմների միջոցով, որոնց անունները ևս շոշափվում են քրեական գործում։ Նրանք երեքն են՝ Ա. Խաչատրյան, Վ. Մարտիրոսյան, Գ, Կարապետյան։ Նրանց բոլորին ևս խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանք է առաջադրված։Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը Սիլվա Համբարձումյանից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք այնուհետև՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք, այն է՝ նշված կաշառքի առարկան տարբեր անձանց անուններով բանկային հաշիվներով փոխանցումներ է ապահովել՝ նպատակ ունենալով թաքցնել այդ գումարի հանցավոր ծագումը։Արամ Հարությունյանին գումար փոխանցելու համար միջնորդ հանդիսացած նրա մտերիմներից Ա. Խաչատրյանը ցուցմունք է տվել և ասել, որ Հարությունյանի հանձնարարությամբ 2008-ին մեկնել է Դուբայ, այնտեղի բանկերից մեկում բացել հաշվեհամար, որի փաստաթղթերը, վերադառնալով Երևան, տվել է Հարությունյանին։

Ըստ նրա ցուցմունքների՝ ինքը մի քանի անգամ է այցելել Դուբայ, մասնավորապես, 2009-ին դարձյալ մեկնել է Դուբայ իր անունով բացված հաշվեհամարին ստացել ու կանխիկացրել է 250 հազար ԱՄՆ դոլար, գնել է շինարարական տեխնիկա, բերել Հայաստան ու դրանք ձևակերպել Արամ Հարությունյանին պատկանող ընկերությունների անվամբ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Aysor.am-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ