21 12 2018

«Թափանցիկ ձեռք 2018» մրցանակը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորին

«Թափանցիկ ձեռք 2018» մրցանակը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորին

2018 թվականին Հայաստանի լավագույն դատավոր է ճանաչվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

2018 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվել է։ «Թափանցիկ ձեռք 2018» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվել է 2018 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանին։

Լևոն Սահակյանը շնորհավորել է Ազարյանին և մաղթել, որպեսզի հանրությունը միշտ գնահատի դատավորի անկախությունն, օբյեկտիվությունը և արդարադատական ռիսկը:

Նշենք, որ դաատավորների վարկանիշավորումը կատարվում է helpcourt.am կայքում։

Գնահատել կարող են միայն ՀՀ փաստաբանական պալատի անդամները: 

Յուրաքանչյուր փաստաբան միևնույն դատավորին կարող է տալ միայն մեկ միավոր դրական կամ բացասական գնահատական: Փաստաբանը կարող է ցանկացած պահի փոխել նախկինում իր կատարված գնահատումը:

Նշենք, որ դատավորների քանակը 231 է, վարկանշավորված դատավորների քանակը՝ 226։ 

Ամենաբարձր հորիզոնականում գտնվող Ալեքսանդր Ազարյանը հավաքել է 86 ձայն։ Ամենացածր գնահատված դատավորը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանն է, որը ստացել է 12 բացասական գնահատական։

Ամենաուշագրավն այն է, որ երկու դատավորներն էլ անմիջական առնչություն ունեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ։

Ամենացածր ռեյտինգ ունեցող դատավորը, ըստ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի, ենթադրաբար ԱԱԾ տնօրենի ներկայացրած «դատավոր Հրաչն» է, որն էլ հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը բավարարեց։

Իսկ ամենաբարձր ռեյտինգ ունեցող դատավոր Ալեքսանդր Ազարյանը օգոստոսի 23-ին Ռոբերտ Քոչարյանին ազատեց կալանքից։

Ի դեպ, միայն վերջին 15 օրերի ընթացքում Ալեքսանդր Ազարյանը ստացել է 35 կողմ ձայն, իսկ Վաչե Մարգարյանը՝ 4 դեմ ձայն։ Ամենայն հավանականությամբ, փաստաբանները բարձր են գնահատել Ազարյանի համարձակությունը․ դեկտեմբերի 7-ին, Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո, Ալեքսանդր Ազարյանը հարցազրույցով հանդես եկավ և հայտարարեց, որ դատավորի վրա եղել է բիրտ ճնշում։

Փաստորեն, վերաքննիչի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը դեկտեմբերի 7-ին ուժի մեջ թողեց ամենաբացասական գնահատված դատավորի որոշումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ