17 12 2018

Քաղաքականացված, իրավական հիմքերից զուրկ գործընթաց է. Լ․ Ալավերդյանը՝ Քոչարյանի գործի մասին․ 1in.am



«Առաջին լրատվական»-ը գրում է․ «Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ ես չեմ մտնում այն դաշտ, որտեղ քննարկեմ՝ Քոչարյանը քաղհալածյալ է, թե ոչ։ Ինձ առավելապես հետաքրքիր է, թե արդյոք իրավական դաշտում է քննվում գործը, իրավունքին համապատասխանում է ամբողջ գործընթացը, արդյոք թույլատրելի է որոշ պաշտոնյաների արած հայտարարությունները, թե ոչ։ Ես երբեք կողմ չեմ եղել որևէ մեկի ազատությանը, կամ կալանավորմանը»,- մեզ հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքերով՝ իրեն մտահոգում է այս օրերին որոշ պաշտոնյաների կողմից ազատորեն արված որոշ հայտարարություններ, որոնք միայն խոչընդոտում են նրան, որ Հայաստանը հանդես գա որպես իրավական պետություն։

Տիկին Ալավերդյանի խոսքերով, ցավոք, իր այս մտահոգությունը դիտվում է որպես պաշտպանություն Քոչարյանի։ «Ինձ ասում են՝ դուք պահանջում եք, որ Քոչարյանին ազատ արձակեն, բայց ովքեր չեն հասկանում մարդու իրավունքների լեզուն, ես կրկնեմ, որ մարդու իրավունքների պաշտպանը չպետք է մտնի դատապաշտպանների դաշտը, նրանց հայտարարությունների մեջ։ Մեզ հետաքրքիր է միայն իրավունքների պաշտպանությունը։ Ավելի ճիշտ է հասկանալ՝ կարող է այս նոր Հայաստանը պահպանել իրավական պետության կարգավիճակը, թե ոչ։ Բայց այն, որ մենք արդեն մեկ անգամ ունեցել ենք կալանավորում, հետո ազատ արձակել ու նույն պրոցեսի կրկնությունը, ապա կարող եմ ասել, որ կա այս գործընթացին ոչ հարիր շտապողականություն։ Շտապողականությունն է, քաղաքական ենթատեքստն է, թե ինչ է, բայց հստակ երևում է, որ սա զուտ քաղաքականացված ու իրավական հիմքերից զուրկ գործընթաց է։ Ես այստեղ վերին աստիճանի զգուշավոր եմ»,- ասաց տիկին Ալավերդյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ