15 12 2018

25 տարում Ադրբեջանի պատվերով աշխատող 20-ից ավելի մարդ է դատապարտվել․ ԱԱԾ

25 տարում Ադրբեջանի պատվերով աշխատող 20-ից ավելի մարդ է դատապարտվել․ ԱԱԾ

Լրատվամիջոցների համար նախատեսված սեմինարի ընթացքում ԱԱԾ մայոր Տիգրան Դավիթավյանը նշեց, որ Հայաստանում 1993 թվականից մինչև հիմա դատապարտվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ու նրանց պատերով Հայաստանում աշխատանք իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ։

«Այդ մարդիկ աշխատել են Ադրբեջանի օգտին, ռազմական ու գիտատեխնիկական ոլորտներին վերաբերող տեղեկություններ են հավաքել, դիվերսիաներ ու մահափորձեր են ծրագրել»,- ասաց Տիգրան Դավիթավյանը:

ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանն էլ ավելացրեց, թե իրենք աշխատում են այն կանխավարկածով, որ հավաքագրվածներն ավելի շատ են, ու իրենք շարունակում են մշտապես փնտրել այդ մարդկանց: «Հավաքագրվածների մի մասն էլ ժամանակին հայտնում է ադրբեջանական կողմի հետ ունեցած կապի, գործակցության մասին ու ազատվում է պատասխանատվությունից»,-ասաց Արմեն Քինակցյանը, ով նաև նշեց՝ Հայաստանի պետական կառույցների կայքերի ուղղությամբ 2018-ի 11 ամիսների ընթացքում հաքերային հարձակման 3 միլիոն փորձ է կատարվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է: 

«Խոսքը վերաբերում է պետական կառույցների կայքերի վրա հարձակումների փորձերին, որոնք գտնվում են ԱԱԾ-ի վերահսկողության տակ: Այդ հարձակումները որևէ նպատակի չեն հասել»,- ասաց Քինակցյանը:

Նրա խոսքով՝ մեծամասամբ հարձակման փորձ է կատարվել Ադրբեջանից և Թուրքիայից:

«Հարձակումները կարող են, օրինակ, Ադրբեջանից չլինել, սակայն նրանք կարող են այլ երկրներում հաքերային խմբեր վարձել»,- հավելեց նա: 

Ըստ Քինակցյանի՝ հաքերային հարձակումներն  այսօր հնարավորություն են տալիս ընդհուպ ֆիզիկական վնաս հասցնել մարդուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ