14 12 2018

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը: Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին փոխվարչապետ, գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանը: 

«Սա չի նշանակում, որ գործն ավարտվել է։ Մենք շարունակելու ենք աշխատել՝ ներկայացնելով փաստարկներ, մոտեցումներ, որով փորձելու ենք հիմնավորել մեր անմեղությունը, ներկայացված մեղադրանքների անհիմությունը»,- ասաց նա։ Գևորգյանը, խոսելով իր եզրափակիչ ելույթի մասին, շեշտեց, որ փորձել է  ներկայացնել իր անցած ճանպարհը, թե ինչով է զբաղվել վերջին 20 տարում՝ ՌԴ-ից վերադառնալուց հետո,  ինչ սկզբունքներով է կազմակերպել իր աշխատանքը պետական ապարատում և այլն։

Դիտարկմանը, որ  նա մեղադրվում է նաև Սահմանադրական կարգի տապալման մեջ, նա արձագաքեց․ «Կարծում եմ՝ քննությունը բոլոր հանգամքները կպարզի, մինչ այդ էլ դատական կայացված վճիռներ կան, որոնք օրինական ուժի մեջ են մտել և հստակ արձանագրված է, թե ով, ինչ մեղք է ունեցել Մարտի 1-ի գործում»։ Նա նաև նշեց, որ իր համար ականկալ էր, որ 4 ամիս անց մեղադրանքը փոխվել է։

Հարցին, թե իր գործով եղե՞լ է «զանգովի արդարադատություն», Արմեն Գևորգյանն ասաց․ «Կարող եմ ասել, որ բոլոր կողմերը դատարանում հնարավորություն են ունեցել իրենց փաստարկները ներկայացնել, և այս առումով կողմնակալություն չեմ տեսել։ Սակայն, կարծում եմ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակը, շատերին հուզում էր, որ իմ գործով կարող է այլ որոշում լինել»։

Նիստը մեկնարկել էր դեկտեմբերի 12-ին և արագորեն հետաձգվել։

Հիշեցնենք, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ օգոստոսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին:

«Մասնավորապես, 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին»թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

Նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում: Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասված էր ՀՔԾ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին 3 մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապլմանն օժանդակելու հոդվածներով:

Հավելենք, որ դեկտեմբերի 13-ին մինչ դատական նիստի մեկնարկը Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը ծանոթ է իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն այն չի ընդունում։

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 13-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ