07  12  2018

Ռոբերտ Քոչարյանի գործին առնչված դատավորների վարկանիշերը

Ռոբերտ Քոչարյանի գործին առնչված դատավորների վարկանիշերը

«Դատարանների նկատմամբ ճնշումները այսօր արդեն հրապարակային են. փաստը առկա է, որը խայտառակ փաստ է և որի շարունակությունը մենք այսօր տեսանք»,- մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Լրագրողի հարցին, թե եթե ճնշում կա, ինչպե՞ս դատարանն օգոստոսի 13-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրեց, փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց․ «Չհամեմատեք դատավոր Ալեքսանդր Ազարյանին դատավոր Հրաչիկ-վաչիկի հետ»։ Նա կոչ արեց ստուգել դատավոր Ազարյանի և մյուսների վարկանիշը։ «Խոսքը քաղաքացիական արիության մասին է, մեկն ունի դա, մյուսը՝ նիխտ»,- հավելեց նա։

Եվ այսպես, helpcourt.am կայքում հենց դատավորների վարկանշավորումն է։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, որը, ըստ գաղտնալսված հեռախոսազրույցի՝ ենթադրաբար ԱԱԾ տնօրենի ներկայացրած «դատավոր Հրաչն» է, որն էլ հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը բավարարեց, ստացել է 8 դեմ ձայն և գտնվում է նախավերջին տեղում։

Դեկտեմբերի 7-ի որոշումը կայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը գտնվում է 25-րդ տեղում՝  ընդամենը 19 կողմ ձայնով։

Այնինչ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը,  որի՝ օգոստոսի 23-ի որոշման արդյունքում Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից՝ ենթադրաբար ճնշումներին չենթարկվելով, ՀՀ երկրորդ բարձր վարկանիշ ունեցող դատավորն է։ Ստացել է 51 կողմ ձայն։

Հավելենք միայն, որ դատավորի վարկանիշի ձևավորմանը կարող են մասնակցել բացառապես ՀՀ փաստաբանական պալատի անդամները: 

Յուրաքանչյուր փաստաբան միևնույն դատավորին կարող է տալ միայն մեկ միավոր դրական կամ բացասական գնահատական: Փաստաբանը կարող է ցանկացած պահի փոխել նախկինում իր կատարված գնահատումը:

Նշենք, որ դատավորների քանակը 229 է, վարկանշավորված դատավորների քանակը՝ 223։ 

Լուսանկարում դատավորները ներկայացված են ըստ նյութում նշված հերթականության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ