03 12 2018

«Հյուսիս-հարավ» ծրագրում 2016-ին կեղծ տվյալներ ներկայացնելով հափշտակվել է 1.9 մլն ԱՄՆ դոլար

«Հյուսիս-հարավ» ծրագրում 2016-ին կեղծ տվյալներ ներկայացնելով հափշտակվել է 1.9 մլն ԱՄՆ դոլար

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազություն ստացված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքի և պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք 2009-2018 թվականների ընթացքում Ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված նպատակներին ու խնդիրներին համահունչ ծրագրի իրականացման պատրանք ստեղծելու խմբային շահերից և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ կամ չեն կատարել ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել քաղաքացիների, հասարակության և պետության օրինական շահերին, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

 Մասնավորապես՝ շուրջ 9 տարի՝ նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել Ծրագրով ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ կապված երթևեկության ժամկետի կրճատման, Հայաստանի հարավն անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելու, տնտեսության ու բիզնես կապերի զարգացմանը խթանելու և այլնի հետ: Գույքային առումով պետության օրինական շահերին պատճառված վնասը կազմել է 23.553.817.000 ՀՀ դրամ:

 Նշված դեպքերի առթիվ 2018թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ, որի մինչդատական քրեական վարույթն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունյում:

 Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ծրագրի Տրանշ 1-ի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարը, նախատեսված հատվածում շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու իսպանական ընկերության ղեկավար անձանց, ինչպես նաև ծրագրի պատշաճ իրականացման համար պատասխանատու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և նախարարության այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2016թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում կազմված միջանկյալ վճարման վկայագրերում ներառել է աշխատանքների ծավալների վերաբերյալ կեղծ՝ կրկնակի տվյալներ, կատարել հավելագրումներ, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է շուրջ 1.9 մլն ԱՄՆ դոլար:

 ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով խատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ֆրանսիական կազմակերպության ծրագրի թիմի արտասահմանցի ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին և նա քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ