27 11 2018

3 մլն դոլարի 23 բացահայտում՝ Կադաստրի ոլորտում

3 մլն դոլարի 23 բացահայտում՝ Կադաստրի ոլորտում

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ կադաստրի ոլորտում վերջին շրջանում եղել է անօրինական գործողությունների 23 բացահայտում: Ըստ Պետրոսյանի՝ գործերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:

Կոմիտեի ղեկավարը նշեց, որ այդ գործերում առկա են նախկին խոշոր պաշտոնյաների անուններ, շատ խոշոր գումարների մասին է խոսքը: Անօրինական գործընթացների հետևանքով պետական և համայնքային բյուջեները զգալի և շոշափելի կորուստներ են ունեցել, շատ նախնական հաշվարկներով դա կարող է հասնել մինչև 3 մլն դոլարի:

«Ստացել եմ մի ոլորտ, որը դժվար է միանշանակ բնորոշել վատ կամ չկայացած: Կադաստրի կոմիտեն տարբեր ղեկավարների ժամանակ գոնե երկու անգամ ապացուցել է, որ ինքը մեր երկրի ամենակայացած կառույցներից մեկն է: Դա վաղ 90-ականներին հիմնադրման ժամանակ էր, երբ կադաստրում ինտենսիվ աշխատանք էր տարվում միջազգային դոնորների շնորհիվ, ինչպես նաև 2010-ականի բարեփոխումները, երբ կադաստրի գրասենյակներում սկսեցին հանրային կառավարման նոր մշակույթի ներմուծումը: Դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ լավ է եղել: Այո, կադաստրում եղել է կոռուպցիա, նույնիսկ կազմակերպված կոռուպցիա, և մենք ամեն ինչ արել ենք, որ դա կազմաքանդենք: Այսօր հանգիստ խղճով կարող ենք ասել, որ կադաստրում կազմակերպված կոռուպցիա չկա»,- նշեց Սարհատ Պետրոսյանը՝ հավելելով, որ, իհարկե, ամբողջովին չեն կարող բացառել, որովհետև այն մեծ համակարգ է, սակայն իրականացվող բարեփոխումներն ուղղված են նման դեպքերը նվազեցնելուն:

Նա տեղեկացրեց, որ մոտ 300 չափագրողներից 50-60-ի աշխատանքը դադարեցվել է: Չափագրողների աշխատանքի դադարեցումն էլ իր ռիսկերն ունի: Չափագրողների թվաքանակի նվազմամբ պայմանավորված կարող է սակագները բարձրանան: Բոլոր ռիսկերը հաշվի առնելով՝ կոմիտեն փորձում է ապահովել ծառայությունների պատշաճ որակ, և որ թույլ չտա անօրինականություններ։ «Մենք ունենք ստորաբաժանումներ, որոնց կադաստրի ղեկավարները ժամանակին, այսպես ասած, փոքր ֆեոդալիկներ էին իրենց տարածաշրջանում: Մենք բարեփոխման արդյունքում վերացնելու ենք «տարածքային ստորաբաժանում» հասկացությունը: Տարածքային ֆեոդալիկներ չեն լինելու: Պրոցեսը բաշխվելու է այնպես, որ գործարքի գործընթացը մեկ մարդ վերահսկի, այդ դեպքում ինչ-որ մեկը չի կարող քաղաքացուն խոստանալ, թե այս կամ այն պրոցեսը ինչ արդյունք կունենա»,-ասաց Սարհատ Պետրոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ