21 11 2018

Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Պաշտպան Երեմ Սարգսյանը դիմումով հայտնել էր, որ Արագածոտնի մարզում է և հարգելի պատճառներով չի կարող ներկայանալ դատական նիստին, խնդրում է հետաձգել դատական նիստը: Հայկ Սարգսյանը ևս չհամաձայնեց առանց իր պաշտպանի ներկայության անցկացնել դատական նիստը: Դատարան էր ներկայացել տուժող Դավիթ Սիմոնյանը:

Դատարանի հարցին, թե ինչու չէր ներկայանում նիստերին, նա ասաց, որ ծանուցվել է մեկ անգամ և այդ ընթացքում հիվանդության պատճառով ի վիճակի չի եղել ներկայանալ դատարան: Դատարանը հետաձգեց դատական նիստը՝ բավարարելով պաշտպանի միջնորդությունը:

Լրագրողների հետ զրույցում Հայկ Սարգսյանը նշեց․ «Դեպքին տեղյակ չեմ և չգիտեմ, թե ինձ ինչու է մեղադրանք առաջադրվել։ Հայաթի խոսակցություններից գիտեմ»:

Հայկ Սարգսյանն ասաց, որ նախկինում մտերիմ է եղել տուժող Դավիթ Սիմոնյանի հետ, արդեն մի քանի տարի է, ինչ չեն շփվում: Արդյո՞ք քաղաքական դրդապատճառ տեսնում է իրեն առաջադրված մեղադրանքում․ Հայկ Սարգսյանն ասաց՝ տեղյակ չէ. «Որ տեղյակ չեմ, ինչ ասեմ»:

Այն հարցին, թե կալանավայրում՝ խցում, մենա՞կ է եղել, Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ միայնակ չի եղել, այլ մարդիկ ևս եղել են: Սարգսյանը նշեց, որ 50 մլն գրավը, որի դիմաց ինքն ազատ արձակվեց, վճարել են իր ընկերները։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ