20 11 2018

Չարաշահումներ՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում և Գյումրու թիվ 37 դպրոցում

Չարաշահումներ՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում և Գյումրու թիվ 37 դպրոցում

Շիրակի մարզի երկու ուսումնական հաստատություններում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են պարզվել, որոնց առթիվ մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:    

 Մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում իրականացված՝ 2014-ից 2017թթ. ուսումնական տարիներին բուհն ավարտած առկա մագիստրատուրայի նախկին ուսանողների ամփոփաթերթերում նշանակված գնահատականների և ուսանողների անձնական քարտերում գրանցված գնահատականների ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են անբավարար գնահատականներով բուհն ավարտելու և ավարտական դիպլոմներ ստանալու դեպքեր:

Պարզվել է, որ նշված ուսումնական տարիների ընթացքում տարբեր առարկաներից  դասախոսների կողմից  ամփոփաթերթում տարբեր բաժինների թվով 7 ուսանողների դրվել  է անբավարար գնահատական, որն արձանագրվել է նաև վերջիններիս անձնական քարտերում։

Նման պայմաններում, այդ ուսանողները, շարունակելով ուսումնառությունը, 2016 և 2017 թվականների մայիս ամիսներին ստացել են ավարտական դիպլոմներ։

Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին: Նյութերի  նախապատրաստման  ընթացքում  փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ վերը նշված ուսանողները համապատասխան առարկաներից անբավարար գնահատականներ ստանալուց հետո չեն ներկայացել լուծարքներին, նրանց ընթացիկ ակտիվությունն եղել  է անբավարար, և վերջնական գնահատականները ևս ստացվել են զրո կամ անբավարար: Ամփոփաթերթերում առկա չեն եղել նրանց կողմից քննությունները վերահանձնած լինելու մասին տվյալներ:Մյուս քրեական գործը հարուցվել է Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ:

Մասնավորապես Գյումրի քաղաքի մի բնակիչ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում  հաղորդում  է  տվել այն մասին, որ, աշխատելով «Գյումրու թիվ 37 դպրոց» ՊՈԱԿ-ում որպես համակարգչային օպերատոր, 2018թ. հունվարից մարտ ամիսներին, իր հաստիքը չկրճատելու և աշխատանքից չհեռացնելու դիմաց, դպրոցի տնօրենին, վերջինիս պահանջով, տվել է իր ամսական աշխատավարձի կեսը։  Իսկ 2017թ. նոյեմբերից 2018թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, նույն նպատակով և կրկին տնօրենի  պահանջով, նրան է տվել որպես փոխարինող իրեն հատկացված, սակայն չպարապած, ինֆորմատիկայի դասաժամերի համար հասանելիք գումարները, ինչպես նաև իր հիմնական աշխատավարձի մի մասը և 2017-2018թթ ուսումնական տարվա ինֆորմատիկա առարկայի համար հասանելիք արձակուրդային վճարը։Հաղորդման առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ որպես կաշառք գումարը դպրոցի տնօրենին է փոխանցվել դպրոցի գործավարուհու միջոցով։

 ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների որոշումներով  երկու դեպքի առթիվ էլ հարուցվել են քրեական գործեր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծելու ենթադրյալ հանցավոր արարքների փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի    311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին  մասի և  313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:Ընդհանուր առմամբ Շիրակի մարզի վարչական տարածքում, 2018թ. ընթացքում, նոյեմբերի 20-ի դրությամբ, Շիրակի մարզի ուսումնական հաստատություններում կատարված կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է թվով 19 քրեական գործ, որոնցից 18-ով նախաքննությունը դեռևս շարունակվում է, իսկ մեկի վարույթը  կարճվել  է:

Դրանց շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել 14 անձանց՝  (ԲՈՒՀ-ի պրոռեկտոր, ինստիտուտի մասնագետներ, դպրոցների և ուսումնարանների տնօրեններ և փոխտնօրեններ)։ Նշված քրեական գործերով վերականգնվել է 16.017.869 ՀՀ դրամի նյութական վնաս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ