15 11 2018

Սասուն Միքայելյանի անվան ոստիկանության Հրազդանի բաժին. Դանիել Իոաննիսյան

Սասուն Միքայելյանի անվան ոստիկանության Հրազդանի բաժին. Դանիել Իոաննիսյան

Հենց նոր ստացա Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննիչ Տ. Սիրունյանի որոշումը՝ «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներին խոչընդոտելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Մի խոսքով՝ հետաքննիչը, գործնականում հաստատելով խոչընդոտման փաստը, գտել է, որ հանցակազմ չկա՝ անգամ չփորձելով այդ մոտեցումը հիմնավորել որևէ «վերլուծությամբ»:

Բողոքարկելու ենք դատախազություն: Նման բան անգամ «հին Հայաստանում» ամեն անգամ չէր պատահում»,-գրել է Դանիել Իոաննիսյանը՝ գրառումից հետո հավելելով. «Սասուն Միքայելյանի անվան ոստիկանության Հրազդանի բաժին»:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն էր ստացել, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։

Տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարել են Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և ներկայացել իբրև Սասուն Միքայելյանի օգնական։ Բակլաչյանին հարցրել են, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին ժամը 15։00-ին մեկնարկող հանրահավաքին։ Տնօրենը պատասխանել է, որ իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում՝ դպրոցի անձնակազմին, նաև առաջարկել ներգրավվել դպրոցականներին՝ 9-րդ դասարանցիներին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ