09  11  2018

Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում փոփոխություններ են արվել. Armtimes.com

Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում փոփոխություններ են արվել. Armtimes.com

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը պատասխանել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ Armtimes.com-ի հարցերին։

- Պարոն Ալումյան, մամուլում այսօր տեղեկություններ են տարածվել, որ Վճռաբեկ դատարանի դատավորները գտել են, որ ճիշտ կլինի վերաքննիչի որոշումը բեկանել եւուղարկել նոր քննության՝ այս կերպ նաեւ ձգձգելով գործընթացը: Այդ մասով ի՞նչ տեղեկություններ են հայտնի:

- Ես այդ մասին առաջին անգամ տեղեկացել եմ լրատվամիջոցներից: Սա, ես կարծում եմ, ընդամենը ինչ-որ մի ենթադրություն է, միգուցե վերլուծության արդյուք է: Եթե Վճռաբեկ դատարանը ցանկություն ունենա ձգձգելու՝ ինքը զանազան մեթոդներ ունի դա անելու եւ դա միակ տարբերակը չէ: Համենայնդեպս, Վճռաբեկ դատարանի որոշում դեռեւս չունենք, նիստի օր դեռեւս նշանակված չէ, իսկ թե ինչ տեղի կունենա նիստի ընթացքում եւ ինչ արդյունք կունենա Վճռաբեկ դատարանի դատավարությունը՝ ես հիմա հանձն չէի առնի կանխատեսել:

- Ի՞նչ ժամկետներում Վճռաբեկը պետք է նիստի օր նշանակի:

- Նիստի համար կոնկրետ ժամկետ օրենքը չի նախատեսում, ասում է՝ ողջամիտ ժամկետ:

- Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ վերջին շաբաթների ընթացքում ի՞նչ քննչական գործողություններ են իրականցվել:

- Քննչական գործողություններ չեն իրականցվել:

- ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման վերաբերյալ փաստացի ապացույցների արդյունքում որոշում կայացվի լրացնել Քոչարյանի մեղադրանքը: Լրացում կատարվե՞լ է, ինչ տեղեկություններ կան:

- Ես հատուկ ընդգծեցի, որ քննչական գործողություններ չեն կատարվել, բայց մեղադրանքի մեջ որոշ փոփոխություններ տեղի են ունեցել:

- Կմանրամասնե՞ք:

- Չեմ կարող, որպեսզի հիմա ինձ չսկսեն մեղադրել, որ ես նախաքննական գաղտնիք եմ փորձում հրապարակել: Կարելի է ասել, որ ոչ թե ծավալի փոփոխություն կա, այլ՝ որոշ դրվագների վերաբերյալ մեղադրանքը ավելի մանրամասն է ներկայացված:

- Այսինքն՝ ոչ թե մեղադրանքը վերաորակել են, այլ՝ լրացրե՞լ:

- Այո, վերաորակում տեղի չի ունեցել, պարզապես կային ձեւակերպումներ նախկին մեղադրանքի մեջ, այ այդ ձեւակերպումները ավելի մանրամասնեցված են, մանրամասներ են գրված, որը նախկինում չկար: Կարելի է համարել, որ մեղադրանքի լրացում է, բայց ո՛չ որակման հետ կապված լրացումներ կան, ո՛չ էլ ինչ-որ նոր գործողություններ են վերագրվում:

- Պարոն Ալումյան, Ռոբերտ Քոչարյանն այս նոր դրվագներով հարցաքննվե՞լ է:

- Մեղադրանքի մեջ նույնիսկ մեկ ստորակետի փոփոխություն եթե կա, նորից պետք է հարցաքննեն եւ ֆորմալ կողմը պետք է նույնը լինի՝ ինչ-որ առաջին անգամ մեղադրանք առաջադրելիս: Համապատասխանաբար նաեւ առաջարկվել է մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք տալ, բայց նախքան ցուցմունք տալը քննիչը նաեւ պետք է պարզաբանի մեղադրանքը, եւ մենք գրել էինք, որ մեղադրանքի մեջ շատ ձեւակերպումներ կան, որոնք հասկանալի չեն, պարզաբանման կարիք ունեն, որից հետո մենք կորոշենք՝ ցուցմունք կտանք, թե ոչ:

- Այսինքն՝ դեռ չի պարզաբանե՞լ նախաքննական մարմինը:

- Այո, դեռ չի պարզաբանել:

- Պարոն Ալումյան, այնուամենայնիվ, մեղադրանքում արված լրացումների հետ կապված չե՞ք կարող որոշ փակագծեր բացել: Արդյո՞ք դա վերաբերում է Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման ենթադրյալ դրվագին:

- Ոչ, եթե խնդիրը նա է, որ այդ գործողությունները որոշ չափով վերագրվեին պարոն Քոչարյանին՝ այդպիսի բան չկա մեղադրանքում:

 - Իսկ նախաքննության ընթացքը ձեզ գոհացնո՞ւմ է:

- Ոչ, նախաքննության ընթացքը չի կարող մեզ գոհացնել: Տեսեք, քրեական վերաքննիչ դատարանը օգոստոսի 13-ի որոշմամբ արձանագրել է, որ պարոն Քոչարյանը անձեռնմխելիությունից է օգտվում, այդ հիմքով ազատ է արձակվել, բայց անձեռնմխելիությունից օգտվելը միայն ազատ արձակումը չի նշանակում: Վերաքննիչ դատարանի առաջ դրված էր խափանման միջոցի խնդիր, դատարանը ազատ արձակեց, բայց անձեռնմխելիությունը ավելի մեծ հետեւանքներ պետք է առաջացներ պարոն Քոչարյանի համար: Այսինքն՝ ինքը ոչ միայն պետք է ազատ արձակվեր, այլեւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր: Մենք միջնորդել էինք, որպեսզի քրեական հետապնդումը դադրեցվի, բայց մեր միջնորդությունը մերժվել է եւ մենք այդ որոշումը բողոքարկել ենք: Բացի այդ՝ մենք դիմել էինք, որպեսզի քրեական գործը ՀՔԾ-ից տեղափոխվի մեկ այլ քննչական մարմին՝ հաշվի առնելով, որ ՀՔԾ պետը գաղտնալսման ժամանակ որոշ բաներ էր ասել, մասնավորապես խափանման միջոցի մասով, որ անհրաժեշտ է կիրառել կալանավորումը, որպեսզի սկսեն ցուցմունք տալ: Այսպիսի բաներ է ասել եւ նաեւ շատ անհարգալից էր խոսում, երեւում էր տրամադրվածությունը: Այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ մենք նաեւ միջնորդել էինք, որպեսզի գործը տեղափոխվի մեկ այլ քննչական մարմին, սակայն այդ միջնորդությունը եւս մերժվել է: Այս պայմաններում իհարկե մեզ չի կարող գոհացնել նախաքննության ընթացքը: Նաեւ պետք է ասեմ, որ դիմել ենք Եվրոպական դատարան:

- Ե՞րբ եք դիմել:

- Եթե չեմ սխալվում՝ մեկ շաբաթ առաջ:

- Ի՞նչ խախտումների մասով:

- Մասնավորապես անմեղության կանխավարկածի եւ նաեւ պաշտպանության իրավունքի խախտման հարցով: Իհարկե, միանգամից հարց է առաջանում՝ բա ներպետական ատյանների սպառո՞ւմը: Դա մեկ դեպքում է թույլատրվում, եթե տվյալ կոնկրետ գործով ներպետական ատյանները ի սկզբանե արդյունավետ չեն, այսինքն՝ ի սկզբանե արդյունավետ չեն, հնարավոր չէ ակնկալել դրական լուծում ներպետական ատյաններում, եւ մենք փորձել ենք հիմնավորել, որ սա հենց այդ դեպքն է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Armtimes.com-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ