09  11  2018

«Նուբարաշեն» ՔԿՀ–ից փախուստի փորձի համար 8 անձի մեղադրանք է առաջադրվել

«Նուբարաշեն» ՔԿՀ–ից փախուստի փորձի համար 8 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ից  կատարված փախուստի փորձի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, հստակեցվել հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

Փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել փախուստի փորձի եղանակի, դրա կատարմանն 8 անձի մասնակցության վերաբերյալ։

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենքի թիվ 008 խցում պահվող թվով 11 կալանավորված անձինք և դատապարտյալներ 2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի կողմից, օրենքով սահմանված կարգով, ուղեկցվել են 6-րդ մասնաշենքում տեղակայված զբոսախուց:

Զբոսախցի մուտքի դուռը փակելու պահին, կալանավորված անձանցից մեկը բռնություն է գործադրել ուղեկցող անձի նկատմամբ և նրան մտցրել զբոսախուց, զրկել դիմադրություն ցույց տալու հնարավորությունից, որի ժամանակ մեկ ուրիշ կալանավոր տեսուչի մոտից խլել է մասնաշենքի խցերի դռների կախովի փականների բանալիները, ինչպես նաև` մասնաշենքերի մուտքերի և խցերի դռների փականների բանտային բանալին: Կալանավորներից ոմանք բացել են 6-րդ մասնաշենքի 6 տարբեր խցերի դռները և իրենց հետ փախուստի դիմելու կոչով դիմել կալանավորված օտարերկրյա քաղաքացիներին:

Փախուստի փորձին միացել է ընդհանուր առմամբ 8 կալանավորված և դատապարտված անձ, ովքեր պահվել են թիվ 008 և 009 խցերում, բոլորն էլ՝ օտարերկրացի (ԻԻՀ քաղաքացի)։ Վերջիններս, անցնելով նկուղային հարկի միջանցքներով, հասել են 1-ին մասնաշենքի մուտքի դռանը, բռնություն գործադրել ծառայություն իրականացնող քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, սակայն չեն կարողացել բացել մասնաշենքի մուտքի դուռը և դիմել փախուստի, քանի որ տեսուչի ահազանգով անմիջապես թիվ 1 մասնաշենք են ժամանել քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ու կանխել փախուստի փորձը:

 8 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ