07  11  2018

Իրավապահ մարմինները «Վեոլիա ջրից» ամռանը առգրաված փաստաթղթերը դեռ ուսումնասիրում են

Իրավապահ մարմինները «Վեոլիա ջրից» ամռանը առգրաված փաստաթղթերը դեռ ուսումնասիրում են

Դեռ օգոստոսի 9-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն ստուգումներ էին իրականացրել «Վեոլիա ջուր» ընկերությունում: Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ընկերության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, ինչպես նաև ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք պաշտոնատար անձանց կաշառք տալու դիտավորության մեջ՝ 2018թ. մատուցվող ծառայությունների սակագները բարձրացնելու նպատակով:

Դրան հետևեց ընկերության հայտարարությունը, որտեղ «Վեոլիա ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն հնչեցված մեղադրանքները որակեց անհիմն: 

Նշված իրադարձություններից մոտ երեք ամիս է անցել, բայց որևէ զարգացում այս հարցով չի արձանագրվել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ընկերության ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը:

«Վերջին ստուգումը եղել է ամռանը․ այդ ժամանակ փաստաթղեր էին վերցրել ստուգումներ իրականացնելու համար, դրանք մինչև հիմա հետ չեն վերադարձվել: Մենք մեր մասով հայտատրություն տարածել ենք և հայտնել, որ որևէ կաշառքի մասին խոսք լինել չի կարող, ամեն ինչ եղել է պարզ և թափանցիկ: Մեզ էլ է հետաքրքիր, թե ստուգումներից հետո ինչ հայտարարություն է հետևելու, բայց քանի դեռ այն չկա, որևէ որակում չենք ուզում տալ իրավապահ մարմինների գործողություններին, ոչ էլ որևէ հարցով դիմել ենք, որպեսզի չընկալվի որպես միջամտություն։ Ամեն դեպքում կատարվածը հաճելի չէր»,- ասաց նա:

Մուրադ Սարգսյանը նաև նշեց, որ որևէ փոփոխություն ընկերության գործելաոճում չկա, շարունակում են բնականոն աշխատել:

Նշենք, որ հետհեղափոխական Հայաստանում օտարերկրյա կապիտալով աշխատող մի քանի հեղինակավոր ընկերություններում ստուգումներ ու հատուկ գործողություններ իրականացրին ՀՀ իրավապահ մարմինները։ Դա մի շարք մասնագետները բնորոշեցին որպես օտարերկրկյա ներդրումները վանելու ձև, մանավանդ որ խուզարկությանը հնչեղություն տրվեց, իսկ հետևանքների մասին չեն հայտարարում։

«Վեոլիա ջուր» ընկերությունում ստուգումներից, հայտարարություններից և կոշտ արձագանքից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Ֆրանսիա, ունեցավ մի շարք հանդիպումներ, որոնցում, ըստ տարբեր տեղեկությունների, անդրադարձ է կատարվել նաև այս թեմային՝ դրսի ներդրումներն անպաշտպան լինելու և հեղինակազրկվելու համատեքստում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ