02 11 2018

Քննիչ հանձնաժողովը դատավորից ստացել է իր հարցերի պատասխանները. Կոստանյան

Քննիչ հանձնաժողովը դատավորից ստացել է իր հարցերի պատասխանները. Կոստանյան

Մենք այս պահին դատավոր Վաչե Մարգարյանին առնչվող հարցերի սպառիչ պատասխաններ ստացանք, բայց դա չի նշանակում, որ ավարտվեց դատավորի հետ կապված գործընթացը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝անդրադառնալով հարցին՝ արդյոք հանձնաժողովին բավարարեցին դատավոր Վաչե Մարգարյանի բացատրությունները ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հայտնի ձայնագրությունների մասով իրեն առնչվող հատվածի կապակցությամբ։

«Քննության այլ փուլում նաև այլ անձանց բացատրությունների հիման վրա հնարավոր է անհրաժեշտություն առաջանա, որ այդ նույն անձին հրավիրես մի քանի անգամ։ Պատասխաններն այս պահին բավարար էին»,- շեշտեց Գևորգ Կոստանյանը։

Գևորգ Կոստանյանը նաև նշեց՝ հանձնաժողովի նիստին հրավիրվելու են բոլոր այն անձինք, ովքեր կապ ունեն հայտնի ձայնագրության հետ՝ անկախ զբաղեցրած դիրքից, հրավիրվելու են նաև պաշտոնյաններ, որոնց անունը ձայնագրության մեջ չի շոշափվում, բայց կարող են կապ ունենալ հանգամանքի հետ։

«Միաժամանակ տեղեկացնեմ, որ քանի որ հանձնաժողովը ստեղծվել էր երկամսյա ժամկետով, և նոյեմբերի 12-ին հանձնաժողովի ժամկետը ֆորմալ առումով ավարտվում է, մենք արդեն կնախաձեռնենք ԱԺ արտահերթ նիստ, որպեսզի հանձնաժողովի լիազորությունները ևս երկու ամսով երկարաձգվի։ Ազգային ժողովն արդեն ինքը կորոշի՝ երկարաձգում է հանձնաժողովների աշխատանքները, թե ոչ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ