29  10  2018

Բիզնեսը խլել էին

Բիզնեսը խլել էին

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազորի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մասին:

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ 02.10.2018 թվականին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին է ուղարկվել` «ՌՎԳԱԶ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատեր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության քաղաքացու և վերջինիս ներկայացուցչի՝ ՀՀ վարչապետին  հասցեագրված դիմումն այն մասին, որ 2014 թվականին  բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել են հրաժարվել ընկերության  ավտոգազալցակայանից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՌՎԳԱԶ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը ցանկացել է նշված ավտոգազալցակայանը 330.000 ԱՄՆ դոլարով վաճառել Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի բնակչին` գումարը մաս-մաս վճարելու պայմանով, ով նախնական 70.000 ԱՄՆ դոլար վճարելով՝ չի կատարել իր մյուս պարտավորությունները:

Համաձայն կնքված պարտավորագրի՝ «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության գազալցակայանի անշարժ ու շարժական գույքը պետք է ներդրվեր գնորդի կողմից ստեղծված «ՍԼԼ գազ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի մեջ, միևնույն ժամանակ ընկերության  50%-ի բաժնետերը շարունակելու էր մնալ  «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության սեփականատիրոջ անվամբ՝ մինչ վերը նշված պարտավորությունների կատարումը: Սակայն պարզվել է, որ «ՌՎԳազ-1» ՍՊԸ ավտոգազալցակայանն իր անշարժ ու շարժական գույքով 100%-ով ներառվել է «ՍԼԼ գազ» ՍՊԸ-ի սեփականության մեջ, որի արդյունքում բաժնետերը զրկվել է 50% մասնաբաժնից:

Այդ ընթացքում ավտոգազալցակայանի փաստացի սեփականատերը, այն գնել ցանկացող Տանձուտ համայնքի բնակչից տեղեկանալով վերոհիշյալի մասին, ժամանել է ՀՀ, հանդիպել է հիշյալ նախարարության վարչության պետին, ով հայտարարել է, որ գազալցակայանը փաստացի խլել է գնորդից և պահանջել է այսուհետ գործ ունենալ միայն իր հետ։

Մի քանի օր անց, նույն պաշտոնատար անձն ու ոստիկանության օպերլիազորը Երևան քաղաքի էրեբունի վարչական շրջանում գտնվող Ազատամարտիկների այգում սպառնալով պահանջել են  30.000 ԱՄՆ դոլարի դիմաց հրաժարվել գազալցակայանից, իսկ հաջորդ օրը կարողացել են ի կատար ածել իրենց սպառնալիք-պահանջը` քաղաքացուն փոխանցելով 40.000 ԱՄՆ դոլար:

Դեպքի առթիվ 15.10.2018թ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված նախաքննության արդյունքներով տվյալներ են ստացվել այն մասին, որ վերոհիշյալից բացի, ոստիկանության նույն օպերլիազորն ընկերոջ հետ, 2014թ. գարնանը ատրճանակների գործադրման սպառնալիքով, Տանձուտ գյուղի բնակչին պարտադրել են ստորագրել համապատասխան փաստաթղթեր` ավտոգազալցակայանում ունեցած բաժնեմասից հրաժարվելու վերաբերյալ, վերջինս էլ, վախի ազդեցության տակ, կատարել է նրանց պահանջը և հրաժարվել գազալցակայանից։

Արդյունքում ավտոգազալցակայանը 2014թ. մայիսից փաստացի անցել է վերոհիշյալ պաշտոնատար անձանց տիրապետության տակ, որը շահագործվել է նրանց կողմից և հանդիսացել եկամտի աղբյուր։

Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար աշխատողների, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ 2018թ. հոկտեմբեր 27-ին նշված քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ