11  10  2018

ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի 3 հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները

ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի 3 հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները

ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնում ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին վերաբերող գործի մասին:

ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ  Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ  համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը:

Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարեկրյա ներդրում են:

Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը: 

Հատկանշական է, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին  հյուրանոցի  բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն:

Այնուհետև, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը` նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ.  Ծաղկաձորում կառուցվել է  «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:  

Հետագայում` 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երեւանի Հյուսիսային պողոտայում  հիմնադրվել է երրորդ` «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը:

Ի դեպ, վերոնշյալ երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքը 2016 թվականին գնահատվել է շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ