26 09 2018

ՀՔԾ-ն մարտի 1֊ի գործով ոչ թե նոր նախաքննություն է անում, այլ օգտագործում է 7֊8 տարի առաջվա հայտարարությունները․ «Ինքնագիր»

ՀՔԾ-ն մարտի 1֊ի գործով ոչ թե նոր նախաքննություն է անում, այլ օգտագործում է 7֊8 տարի առաջվա հայտարարությունները․ «Ինքնագիր»

Որոշակի փաստեր համադրելուց պարզ է դառնում, որ  Հատուկ քննչական ծառայությունը 2008 թ. մարտի 1֊ի գործի վերաբերյալ ոչ թե  նոր նախաքննություն է անում, այլ առանց նոր ապացույցների, օգտագործում է որոշակի քաղաքական շրջանակի 7֊8 տարի առաջվա հայտարարությունները։ Այս մասին գրում է «Ինքնագիր» գրական հանդեսը։

ՀՔԾ֊ն այդ հայտարարությունները վերցնելով է մարտի 1-ի զոհերին կապում պաշտպանության նախարարի 2008թ. փետրվարի 23֊ի 0038 հրամանի, ապա նաև մարտի մեկին նախագահի կողմից արտակարգ իրավիճակ մտցնելու հետ։

Ապա նաև, նույն տեղից է այն, թե մարտի մեկին զինծառայող Տիգրան Աբգարյանին իբր հատուկ ջոկատայիններն են հատուկ սպանել, որ առիթ ստեղծեն նախագահի կողմից արտակարգ իրավիճակ մտցնելու համար։

Ու նաև, վերջին ասուլիսում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ցույց տված օլիգարխների կողմից վարձկաններին զինելու վերաբերյալ նյութը կարծես նրանք ստացել են այդ նույն տեղից։

Այս ամենում համոզվելու համար պետք է նայել 2011֊ին Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը ու համադրել ՀՔԾ֊ի հայտարարություններին։

Ուրեմն, 7 տարի առաջ ՀԱԿ շրջանակների  նկարած ֆիլմում գրեթե բառացի ասվում է այն, ինչ  հայտարարում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Այսպես, ՀՔԾ և ԱԱԾ պետերի սեպտեմբերի 11֊ի մամուլի ասուլիսում ՀՔԾ պետՍասուն Խաչատրյանը ասաց, թե Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ի դեպքերի ժամանակ սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից.

«Տիգրան Աբգարյանի՝ ներքին զորքերի զինծառայողի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ էին, և այս ուղղությամբ մենք նույնպես բավականին աշխատանք ենք արել։ Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այդ մասին ունենք ապացույցներ՝ հստակ ապացույցներ։ Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում՝ Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանն արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Եվ մեր տարբերակը, որը հետևյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե «մենք արդեն ունենք զոհեր», հիմնավորվի։ Դա նախաքննությամբ հիմնավորվել է։ Կարծում եմ, որ այս նորությունն արդեն իսկ բավարար է, որ մեր դեմ՝ իմ և պարոն Վանեցյանի դեմ, իսկական գործ սկսվեր, այդ իսկ պատճառով չէինք հրապարակում այս տվյալները»։

Այս առնչությամբ սեպտեմբերի 14֊ի մամուլի ասուլիսին Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց.

«Ցնցող տեղեկություն են հայտնում, որպեսզի հանրությանը շեղեն խնդրի բուն էությունից: Ասում են՝ Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, դա շատ լուրջ հայտարարություն է: Որպեսզի այդպիսի հայտարարություն անեն, էդ հայտարարողը առնվազն պիտի կրակողի անունը տա, անունը պտի իմանար, առնվազն պիտի մեղադրանք առաջադրված լիներ, էլ չեմ ասում օրինական ուժի մեջ մտած դատավճիռ պիտի լիներ: Չունեն այդ աստիճանի ապացույցներ, որ կարողանան ասել, թե ով է դա արել, բայց իրենք ասում են, որ դա արվել է այսինչ ուժերի կողմից, այսինչ նպատակներով։ Սա շատ կարեւոր գործ է, հուզական էլեմենտ կա այս գործի մեջ չի կարելի այսպիսի մանիպուլյացիա անել»:

Սասուն Խաչատրյանը նոր «բավականին աշխատանքներ» չի կատարել, քանի որ այն ինչ հայտարարում է, գրեթե նույնությամբ ասվում է «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում։

Այսպես, ֆիլմում ասվում է. «Տիգրան Աբգարյանը արտակարգ իրավիճակ հայտարարելուց 10րոպե առաջ արդեն եղել է հիվանդանոցում, հրազենային ծանր վնասվածքով նա ապրել է 40 օր և մահացել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից երկու օր անց։ Տիգրանի մայրը կարծում է, թե իր որդու վրա կրակել են Քոչարյանի արած հայտարությունն արդարացնելու համար. «Հայտարարեց, որ մեզնից էլ զոհեր կան, որպեսզի նրա խոսքը ճշտվեր, իմ էրեխուն սնայպերը խփեց»։

Այս խոսքերը կարելի էր համարել հուսահատության կամ բորբոքված երևակայության արդյունք, եթե չլինեին զինվորի մոր խոսքերը հաստատող փաստեր»։

Ու ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանի հաղորդավարական ձայնը թելադրում է «փաստերը»։

Հաղորդավարը մարտի մեկին Քոչարյանի ելույթն է մեջբերում, թե տեսեք նա խոսում է Աբգարյանին վիրավորելու մասին, թե նրան հատուկ խփել են, որ արտակարգ դրություն մտցնեն.

«Զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի մոր ենթադրությունը, թե Ռոբերտ Քոչարյանի ելույթը ոստիկանության շարքերում նոր զոհ ավելացնելու ազդանշան է եղել, հաստատվում է հենց իր Քոչարյանի հետևյալ խոսքով. «այդ կրակոցները արվում էր մի իրավիճակում, երբ կրակողի հետևում կային նաև այլ ցուցարարներ, որոնք զենք չէին կրում, կրակողը մեքենայի հետևից դուրս էր գալիս կրակում զինվորների վրա և թաքնվում մեքենայի հետևը և իր վրա կրակել կնշանակեր նաև զոհեր տալ այն մարդկանց կազմում ովքեր առանց զենք են։ Սա կոնկերտ դեպք է, որ ուղղակի շատ տհաճ տպավորություն թողեց»։

Երբ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումից  պարզ դարձավ, որ ԱԱԾ պետը հրահանգել է առաջին ատյանի դատավորին կալանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ ՀՔԾ պետը ցուցմունք կորզելու համար ուզում է ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանել, իրենց անօրինական արարքը արդարացնելու համար  երկու պաշտոնյաները Քոչարյանի վրա ավելի ծանր մեղքեր բարդեցին։ Իսկ որտեղի՞ց վերցնեին այդ մեղքերը։

Սասուն Խաչատրյանը կրկնում է ֆիլմը, թե հատուկ դրություն հայտարարելուց հետո է Տիգրան Աբգարյանը վիրավորվել, և որ նրան խփել են հատուկ ջոկատայինները արտակարգ դրություն մտցնելու համար, այսպիսով պատասխանելով նաև Ռոբերտ Քոչարյանի օգոստոսի 16֊ին Երկիր մեդիային տված հարցազրույցին, որտեղ Քոչարյանը ասում է, թե արտակարգ դրությունը մտցվել է այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ։

Սակայն Քոչարյանը խոսում էր ոչ թե Տիգրան Աբգարյանի, այլ ոստիկանության մեկ այլ ներկայացուցչի, սպա Համլետ Թադևոսյանի մասին, ով նռնակից վիրավորվել էր արտակարգ իրավիճակ մտցնելուց առաջ.

«Ոստիկանության կապիտանն էր զոհվել, Համլետը, մի քանի տասնյակ մեքենա հրկիզված էր, բարկիադները կառուցված էին, և ներքին զորքերի վրա ուղղակի հարձակվում էին մոլոտովի կոկտեյլներով»։

Այս խոսքում սխալն այն է, որ մինչ արտակարգ իրավիճակ մտցնելը Համլետ Թադևոսյանը ոչ թե զոհվել, այլ վիրավորվել էր, տեղափոխվում է  հիվանդանոց, և մի քանի ժամից մահանում։

Ֆիլմը նաև Համլետ Թադևոսյանի մահն է հանում  Լևոն Տեր֊Պետրոսյանի շրջանակների պատասխանատվության վրայից՝ ասելով, թե նա ինքնասպան է եղել, սեփական նռնակի պայթյունից է զոհվել (ի տարբերություն Աբգարյանի ծնողների, Թադևոսյանի ծնողները ֆիլմում չկան)։  Բայց քանի որ մի քիչ բարդ է հանդիսատեսին համոզել, թե Համլետ Թադևոսյանը հատուկ ինքնասպան է եղել, որ արտակարգ դրություն մտցվի, ֆիլմը Աբգարյանի մահն է կապում արտակարգ դրության հետ, և նրան է հետևում ՀՔԾ պետը։

Ե՛վ Աբգարյանը, և՛ Թադևոսյանը վիրավորվել են բազմաթիվ ականատեսների ներկայությամբ։ Սակայն Ֆիլմի հեղինակները ականատեսների չեն հանդիպել, նրանք  օգտագործել են միայն նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված մարտի մեկի փաստահավաք խմբի հարցաքննութունների նկարահանումները, սակայն այնպես մոնտաժած, որ իրենց ուզած պատկերը ստանան։  Այսուհանդերձ այդ կադրերում երկու ականատես ոստիկաններ խոսում են: Ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը ասում է, որ տեսել է Տիգրան Աբգարյանի վրա կրակողին, 30-40մետրից կրակեց. «Երիտասարդ էր, որը շենքի անկյունից կրակեց մեր զինվորին»։ Սակայն Պասկևիչյանի ձայնը «հերքում է» ականատեսի վկայությունը և Աբգարյանի մերկ դիակի պատկերի վրա այլ բան է պատմում, թե «Աբգարյանի պարանոցի մուտքի անցքը մի քանի անգամ գերազանցում է գնդակի չափսին ինչը բնորոշ է ընդհուպ կրակոցին»։ Բայց որպպես ապացույց ֆիլմում միայն Պասկևիչյանի ձայնն է, չկա փորձագետի կարծիք, թե 40օր հիվանդանոցում պառկած վիրավոր տղայի պարանոցի անցքը ինչքան է և ինչու է այդքան։  Պասկևիչյանի ձայնը ուզում է ասել, որ ամբողջ զորքը կանգնած, զորքի միջից մեկը կանգնել է Տիգրանի դիմաց կանգնած, «ընդհուպ» կրակել, որ հետո արտակարգ դրություն մտցնեն, իսկ ՀՔԾ֊ն էլ ստիպված այս անհավանական իրավիճակը ուզում է վերածել քրեական գործի։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ինքնագիր» գրական հանդեսում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ