25  09  2018

Ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են 53 նյութեր. Դատախազություն

Ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են 53 նյութեր. Դատախազություն

2018 թվականի սեպտեմբերի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում շարունակվում են ուսումնասիրվել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները:  Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես ուսումնասիրվել է ընդհանուր առմամբ մամուլի 90 hրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով: Արձանագրվել է քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 161 դեպք:

Դրանցից ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ են պարունակել և ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ստուգվել կամ ստուգվում են 203-ը: Այդ գործողությունների արդյունքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների փաստերը ճնշող մեծամասնության դեպքում արդեն իսկ հերքվել են:

Երևան քաղաքի դատախազության հանձնարարությամբ ոստիկանության և քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով 53 ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Դրանցից 21-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 12-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց, այդ թվում՝ երկու դեպքում ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 11-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 7-ը՝ ընտրողներին կաշառք տալուն, 1-ը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն և 1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքերին:

Նախապատրաստվող նյութերի ընթացքի մասին հընթացս պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ