23 09 2018

Ժամը 21։30-ի դրությամբ ՄԻՊ-ը ստացել է 46 ահազանգ

Ժամը 21։30-ի դրությամբ ՄԻՊ-ը ստացել է 46 ահազանգ

Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 21:30‑ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 46 ահազանգ:

Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 1000 հրապարակում:

Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից 16-ը վերաբերել է Երևանում 6 ամսից պակաս հաշվառում ունենալուն եւ ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենալուն, 12 ահազանգը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի ապահովմանը, այդ թվում՝ ընտրատեղամասերի անմատչելիությանը։

Ահազանգներ են ստացվել նաեւ նույնականացման քարտով ընտրելու հնարավորության, իրազեկման թերթիկ չստանալու եւ այլնի վերաբերյալ:

Բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քաղաքացիներին տրամադրել է խորհրդատվություն։ Ստացվել է մեկ ահազանգ, որն առանչվել է սահմանված ժամից ավելի Ոստիկանության բաժնում անձին պահելու հետ. այս հարցով նախաձեռնված է քննարկման ընթացակարգ, որի մասին մեր նախորդ հայտարարություններով տեղեկացվել է:

Լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում արձանագրված հրապարակումները վերաբերել են տեղամասերի կահավորմանը, հանձնաժողովների անդամների վարքագծին եւ այլն: Արձանագրվել են քվեարկության գաղտնիության ապահովման խնդիրներ, մասնավորապես՝ քվեաթերթիկների լուսանկարահանման եւ տարածման դեպքեր: Արձանագրվել են նաեւ տեղամասերի մոտակայքում կուտակումների եւ ընտրողների ուղղորդման դեպքեր, ընտրակաշառքի առնչվող գործով բնակարանում խուզարկություն իրականացնելու (ըստ հրապարակման՝ անհիմն) վերաբերյալ հրապարակումներ:

Առանձին ուշադրություն է դարձվել լրագրողների եւ դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների մասին տեղեկություններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ