19 09 2018

ԱՄՆ-ն թուրք լոբբիստին հանձնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ-ին

ԱՄՆ-ն թուրք լոբբիստին հանձնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ-ին

ՀՀ գլխավոր դատախազությունն ԱՄՆ իրավասու մարմիններից միջնորդություն է ստացել Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին Օքսուզին արտահանձնելու վերաբերյալ: Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Քևին Օքսուզը հայտնաբերվել է օգոստոսի 29-ին Երևանում։ Նա մեղադրվում է փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողով կեղծ հայտարարագիր ներկայացնելու (4 դրվագ) մեջ:

Քևին Օքսուզը շուրջ մեկ տարի ՀՀ-ում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նրա կողմից հիմնադրված «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը զբաղվում է հավաքների, հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպմամբ։

Դատախազությունը նաև հայտնել է, որ Օքսուզի հիմնած «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը խուսափել է խոշոր չափերով հարկերի վճարումից: Հիշյալ դեպքի առիթով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը օգոստոսի 31-ի որոշել է մեկ ամսով կալանավորել Օքսուզին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ